![Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամությու...](/imgs/posts/medium/2025/02/161fbb7.jpeg)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել International Hospitals Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի և նույն ընկերության խորհրդական, Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Լեո Դոքերթինի հետ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի կենտրոնների ստեղծման և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությունը՝ այդ համատեքստում շեշտելով վերջիններիս համար անկախ կյանքի կենտրոն հիմնելու կարևորությունն ու ըստ կարիքի՝ համալիր ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը։
Չեսթեր Քինգը ներկայացրել է International Hospitals Group առողջապահական ծառայությունների համաշխարհային ընկերության գործունեությունը, որը մասնագիտացած է առողջապահական հաստատությունների մշակման, նախագծման և գործառնական կառավարման մեջ: IHG ընկերության գլխավոր գործադիր տնօրենն խոսել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակի, ինչպես նաև ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցերի մասին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։