Ինտերնետ շահումով խաղերում ստվերային մեխանիզմ...

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտի աննախադեպ աճի հետևանքով առաջացած խնդիրների ուսումնասիրության նպատակով այսօր կնքվել է համագործակցության հուշագիր "Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության" և "Գիտակից հասարակություն" սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։

Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում։

Միևնույն ժամանակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ներառյալ սոցիալականապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց խնայողություններից՝ վտանգելով ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։

Այս պայմաններում առաջնային նպատակ է հասարակության պաշտպանությունը ինտերնետ շահումով խաղերից առաջացող կախվածությունից, որը ոչ միայն հանգեցնում է անձնական և ընտանեկան լուրջ հետևանքների, այլև խորացնում է երկրի սոցիալական ու տնտեսական ճգնաժամը՝ սպառնալով հասարակության կայունությանը և համընդհանուր բարօրությանը։

Այս առնչությամբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանրային հիմունքներով աջակցություն է ցուցաբերելու «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ ոլորտին առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ խորհրդատվության, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման, սպառիչ տեղեկություններ ստանալու և հիմնավորված եզրակացությունների հանգելու նպատակով։

Սույն նախաձեռնությանը իրավաբանական ուղեկցում կցուցաբերվի «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից։

Համագործակցության կոչ ենք անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու, և ոլորտը կարգավորելու նպատակով։

Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն մեզ տրամադրելու դեպքում  պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է։