Թբիլիսիի ծայրամասում գտնվող Լուգարի լաբորատորիան կշարունակի աշխատել սովորական ռեժիմով՝ չնայած ԱՄՆ-ի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին։
Օգոստոսի 4-ին վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, ըստ որի՝ ԱՄՆ-ի 95 միլիոն դոլարից ավելի ֆինանսավորման դադարեցումը կազդի նաև Լուգարի լաբորատորիայի վրա։
«Որոշակի տեղեկություններ կան, որ այս կասեցված գումարն այլևս չի ֆինանսավորի Լուգարի լաբորատորիայում որոշակի հետազոտություններ։ Մենք պետք է հանրությանը ասենք, որ Լուգարի լաբորատորիան, իհարկե, ճիշտ կաշխատի և կկատարի իր գործառույթը»,- ասել է Ցիլոսանին։
Նրա խոսքով, նորից հարց է առաջանում. եթե ամերիկյան օգնությունը անշահախնդիր էր, ինչո՞ւ դադարեցվեց այդ օգնությունը։ Լուգարի լաբորատորիան չի կորցրել իր իրավասությունը և չի փոխել իր նպատակները, վստահ է փոխխոսնակը։