Երեկ երեկոյան ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը եղել է Բագրատաշենի մաքսակետում՝ տեսնելու, թե ինչպես է իրականացվում քաղաքացիների սպասարկումը:
«Իմանալով, որ ընկերներս պետք է գնան Վրաստան և վերաառնան, որոշեցի իրենց ուղեկցել և տեղում ականատես լինել, թե ինչ է կատարվում սպասարկումը: Խոսքը վերաբերում է մաքսակետի այն բաժնին, որը սպասարկում է բեռնափոխադրողներին և ավտոմեքենաներ ներկրողներին»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը:
Վերջինիս խոսքով՝ ամբողջ պրոցեսը սպասարկում է ընդամենը 4 աշխատակից, ինչի արդյունքում մեծ հերթեր են գոյանում.
«Նրանք ոչ թե վատ են աշխատում, այլ գերծանրաբեռնված են աշխատում և ֆիզիկապես չեն հասցնում այդքան մեծ հոսքին սպասարկել: Միայն իմ ընկերները 5 ժամից ավելի սպասել են իրենց հերթին՝ 15-20 րոպեանոց գործողության կատարման համար: Իմ կարծիքով՝ սա անթույլատրելի է հատկապես նման կարևորագույն մաքսակետում, որը Հայաստանի հիմնական սպասարկողն է: Նման աշխատելաոճը թե՛ տնտեսապես շահավետ չէ, թե՛ հարիր չէ երկրին»:
Ըստ պատգամավորի՝ նույնիսկ մեքենաների կանգառի համար է տարածքն անբավարար:
Արմեն Եղիազարյանը նաև զրուցել է տվյալ պահին գործող աշխատակիցների և ղեկավարության հետ.«Իրենք ևս կիսում են անհանգստությունը, որ չի կարող այսպես շարունակվել: Քաղաքացիները վրացական կողմում սպասարկվում են րոպեների ընթացքում, իսկ մեզ մոտ՝ 5-7 ժամում»:
Պատգամավորը խնդրի լուծման համար առաջարկում է առանձնացնել բեռնափոխադրողներին և քաղաքացիներին սպարակող հատվածները և ավելացնել աշխատակիցների քանակը:
Արմեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է պաշտոնական գրությամբ դիմել վարչապետին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, որպեսզի հարցին լուծում տան: