ԱՄՆ զինված ուժերը Եվրոպայում կարող են կիրառել...

Ամերիկյան բանակը մտադիր է Եվրոպայում ռազմական հակամարտության դեպքում մեծ բարձրության հարյուրավոր օդապարիկներ կիրառել։ Այս մասին The War Zone պարբերականին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի բազմաոլորտ հրամանատարության (Multi-Domain Command Europe) ղեկավար, բրիգադի գեներալ Սթիվեն Քարփենթերը։

Գեներալի խոսքով՝ Եվրոպայում ռազմական գործողություններ սկսվելու դեպքում նախատեսվում է հակամարտության գոտի ուղարկել հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր նման օդապարիկներ։ Նա հավելել է, որ այդ սարքերն ի վիճակի են արմատապես փոխել մարտական գործողությունների ընթացքը։

«Մենք կցանկանայինք ստրատոսֆերան հագեցնել մեծ բարձրության օդապարիկներով. խոսքը միաժամանակ 200-300 սարքի մասին է», - ընդգծել է Քարփենթերը։

Նրա խոսքով՝ բանակը պատրաստվում է այդ օդապարիկներն օգտագործել ոչ միայն բազմաթիվ կեղծ թիրախներ ստեղծելու, այլև ազդանշաններ փոխանցելու, իրական ժամանակում հետախուզություն իրականացնելու և ռադիոէլեկտրոնային պայքար մղելու համար։ Բացի այդ, դրանք կծառայեն որպես հարթակ՝ հարվածային անօդաչու սարքեր արձակելու համար։

Քարփենթերը նշել է նաև, որ օդապարիկները զգալիորեն կմեծացնեն բանակի մարտական ներուժը՝ մարտադաշտի երկնքում ձևավորելով կայուն ու ակտիվ ցանց, որը կծառայի որպես պահեստային տարբերակ, եթե կապի և դիտարկման տիեզերական համակարգերը շարքից դուրս գան։

Գեներալն ընդգծել է, որ ժամանակակից բարձրության օդապարիկները կարող են անհրաժեշտ տարածքում մնալ բավականին երկար՝ մի քանի օրից մինչև շաբաթներ և անգամ ամիսներ։ Հասնելով նշանակված վայր՝ որոշ ժամանակակից համակարգեր կարողանում են պահպանել իրենց դիրքը նույնիսկ ուժեղ քամիների պայմաններում՝ պարզապես փոփոխելով թռիչքի բարձրությունը։

Նա նաև նշել է, որ նման օդապարիկները գործում են այնպիսի բարձրությունների վրա, որտեղից ռադարների, տեսախցիկների և այլ տվիչների համար բացվում է հիանալի տեսադաշտ՝ բոլոր ուղղություններով և հսկայական տարածքների վրա։ Գտնվելով 18 կիլոմետր և ավելի բարձրության վրա՝ այս սարքերը թույլ են տալիս դիտարկել փակ ու անհասանելի շրջանները՝ միևնույն ժամանակ մնալով միջազգային օդային տարածքում և հնարավոր սպառնալիքներից անվտանգ հեռավորության վրա։

Հակամարտության ընթացքում այս օդապարիկները կարելի է ուղարկել հակառակորդի օդային տարածքի խորքերը. դրանց կորուստը լուրջ վնաս չի լինի, քանի որ դրանք համեմատաբար էժան և «սպառվող» միջոցներ են, հավելել է Քարփենթերը։

«Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ կգա մի պահ, երբ արբանյակային կապը լրջորեն կխափանվի կամ ընդհանրապես շարքից դուրս կգա։ Ուղղություններից մեկը, որի վրա մենք կենտրոնացած ենք, վերնոլորտն է (18-ից 24 կմ բարձրությունը)։ Այդպիսի բարձրության վրա թիրախներ խոցելը չափազանց բարդ է. դրա համար կպահանջվեն շատ թանկարժեք և գերժամանակակից միջոցներ, ինչպիսիք են հինգերորդ սերնդի կործանիչները կամ մեծ հեռահարության ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը», - եզրափակել է նա։