Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության աշխատակցի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու տարածված տեսանյութի հետ։
Հայտարարությունում ասվում է. «2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում երևում են ենթադրաբար Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման և վատ վերաբերմունքի կադրեր՝ բռնության և հայհոյանքների կիրառմամբ նրանից տեղեկություններ ստանալու նպատակով։
Նույն օրը ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հայտարարություն տարածվեց առ այն, որ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»։
2026թ․ փետրվարի 4-ի դրությամբ, սակայն, որևէ տեղեկություն չի տրամադրվել հանրությանը ՀՀ քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, իսկ հապաղումը կարող է ազդել դեպքի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու և օբյեկտիվ ապացույցներ հավաքելու վրա։
Սույնով մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում ոստիկանության բաժանմունքներում անձանց նկատմամբ կիրառվող վերաբերմունքի առնչությամբ, որոնք հայտնի են դառնում բացառապես տեսանյութերի արտահոսքի պայմաններում, այլ ոչ ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառման արդյունքում։ Ավելին, տուժողների նկատմամբ ահաբեկման և սպառնալիքների վտանգը ևս նվազեցնում է նրանց կողմից ահազանգման հավանականությունը։
Բացահայտված հանցագործության դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների արձագանքի հապաղումը վերստին փաստում է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների և խոշտանգումների դեպքերը տեղի են ունենում շարունակական տոտալ անպատժելիության պայմաններում։ Մինչդեռ, իշխանությունների կողմից վատ վերաբերմունքի մասին ահազանգերին արագ արձագանքումը, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է՝ ի ապահովումն հասարակության վստահության պետության, իրավունքի գերակայության պահպանման նկատմամբ։
Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած ոստիկանները ոչ միայն չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, այլև շարունակում են պաշտոնավարել և առաջխաղացվել, իսկ անպատժելիությունը հանգեցնում է նոր դեպքերի։
Նույնիսկ հանրայնորեն հայտնի և տեսանյութերով փաստագրված բռնությունների դեպքերը չեն ենթարկվում արդյունավետ քննության և չեն հանգեցնում պատասխանատվության։
Նման օրինակներից է 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որով երկրորդ անգամ դատախազությունը կայացրել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշում՝ բացառելով ներգրավված ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը։
Նույն կերպ, 2024թ․ ապրիլի 15-ին ոստիկանությյան ծառայողների ուղեկցությամբ Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ընթացքում նրան բռնության և արժանապատվությունը նվաստացնելու դեպքի առթիվ արդյունավետ քննություն չի իրականացվել, չեն բացահայտվել նրան բռնության ենթարկած անձինք, ուղեկցող ոստիկանները ևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․
Քննչական կոմիտեից և Դատախազությունից․
Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողի կողմից բռնության նշված և յուրաքանչյուր դեպքով ու պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին,
Ապահովել քննության թափանցիկությունը՝ հանրությանը հայտնելով ոչ միայն վարույթի հարուցման, այլ նաև արդյունքների մասին։ Ավելին, պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների և բռնության այլ դրսևորումներով զուգորդված հանցագործությունների քննության մասին տեղեկությունները առանձին ներառել տարեկան հաշվետվություններում։
Երաշխավորել քրեական վարույթում ներգրավված տուժողների իրավունքների լիարժեք պաշտպանություն,
Կառավարությանը և մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարությանը
Հեռացնել ոստիկանության համակարգից այն ծառայողներին, որոնք կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության համակարգում,
Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում, այդ թվում՝ իրականացնելով համապատասխան տեղեկատվական արշավ,
Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ,
Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը՝ ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
Առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Իրավունքի կենտրոն ՀԿ
«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ



