«Հյուսիս-Հարավի» աշխատակիցները պատրաստվել են փակել ճանապարհը, նախաձեռնող Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանություն՝ նշելով՝ կոշտ արձագանք կտան:
Դեռևս մայիսի 30-ին տեղեկացրել էինք, որ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարները չեն վճարվել: Թվով 19 շինարարական ընկերությունները համագործակցել էին «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ-ի հայաստանյան մասնաճուղի հետ, որի պարտքը վերը նշված ընկերություններին կազմում էր 2.276.000.000 ՀՀ դրամ:
Այսօր էլ Politik.am-ի հետ զրույցում Գուրգեն Հովհաննիսյանը հայտնեց, որ դեռ որևէ փոփոխություն չի եղել, միայն աճել է «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ-ի հետ համագործակցած ընկերությունների թիվը՝ հասնելով 25-ի, հետևապես աճել է նաև ընկերության 2 միլիարդից ավել պարտքը:
«Այսօր նախաձեռնել էինք նորից փակել Աշտարակ-Ուջան ճանապարհը, սակայն ակցիայից մեկ ժամ առաջ հրավիրեցին ոստիկանություն, հայտնեցին, թե դրա մասին իմացել են լրատվամիջոցներից: Խոստացել են, որ ամսի 8-ին կառավարության նիստից հետո կհանդիպեն մեզ հետ, կփորձեն խնդրին լուծում տալ»,- ասաց մեր զրուցակիցը:



