Դանանգում տեղի է ունեցել Վիետնամի պատերազմի ժամանակ անհայտ կորած ամերիկացի զինվորների աճյունները հայրենադարձելու արարողությունը: Այս մասին հայտնում է վիետնամական լրատվական գործակալությունը։
Արարողությանը, որը թվով 167-րդն էր, մասնակցել են Դանանգի ազգային պաշտպանության, հասարակական անվտանգության նախարարությունների, իշխանությունների, ինչպես նաև Վիետնամի անհայտ կորածների գործակալության ներկայացուցիչները։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին Վիետնամում ԱՄՆ դեսպան Մարկ Քնապերը և ԱՄՆ պաշտպանության նախարարության մարտական գործողությունների ընթացքում ռազմագերիների և զոհվածների հաշվառման գործակալության հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Քրիստոֆեր Ֆելփսը:
Աճյունների մնացորդները հայտնաբերվել են 156-րդ համատեղ որոնողական արշավի ժամանակ, որը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսից սեպտեմբեր ամիսներին։ Հայտնաբերված մնացորդներն ուսումնասիրելուց հետո վիետնամցի և ամերիկացի դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ դրանք կարող են կապված լինել Վիետնամի պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվորների հետ։
Երկու երկրների միջև համագործակցությունը՝ աճյունները որոնելու, հայրենադարձելու և պատերազմում անհայտ կորած ամերիկացի զինվորականների անունները պարզելու համար սկսվել է 1973 թվականի հունվարի 27-ին Փարիզի խաղաղության համաձայնագրի ստորագրումից և Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերումից անմիջապես հետո: