
2025 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին՝ La Biennale di Venezia-ին, «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով, որտեղ կունենա իր ազգային տաղավարը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մամլո ասուլիսում նշեց, որ նախարարությունն անցկացրել է մրցույթ՝ հաղթողներին (այս պարագայում ճարտարապետների խմբին) ընտրելու նպատակով, որոնք պետք է հավուր պատշաճի ներկայացնեն Հայաստանը Վենետիկում։
«Հանգամանքների բերումով հայկական կողմը մի քանի անգամ չի մասնակցել բիենալեին՝ իր աթոռը դատարկ թողնելով ճարտարապետների կարևոր հարթակում։ Հիմա վերադառնում ենք։ Կան նմանատիպ շատ հարթակներ, որտեղ ներկա լինելը խիստ ցանկալի է, նույնիսկ պարտադիր։ Այդ կերպ մենք Հայաստանի հայացքները, խոսքն ու մշակույթը հասցնում ենք աշխարհին։ Մրցույթը մեզ կանգնեցրեց շատ դժվար ընտրության առջև, որովհետև կային բազմաթիվ հայտեր ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից։ Կազմավորվել էին թիմեր Լիբանանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլուր։ Ոլորտի մասնագետների հետ ունեցած բավականին լուրջ քննարկումներից հետո մեծ ուրախությամբ ընտրեցինք Թումոյի թիմին, որը վստահաբար մեր երկիրը հրաշալի կերպով կներկայացնի Վենետիկում և բիենալեի այցելուներին կմատուցի այդքան սպասված ճարտարապետական խոսքը»,- ասաց Դանիելյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը հավելեց, որ հայկական խմբերի միջոցով մշակութային քաղաքականությունն աշխարհին ներկայացնելու հանգամանքը վերանայվում է, քանի որ միայն մասնակցությունն այլևս ինքնանպատակ չէ, և հյուրախաղային ներկայությանը պետք է փոխարինի արդյունավետ մասնակցությունը՝ օժանդակելով պետության կողմից վարվող քաղաքականությանը։
«Բովանդակային առումով ճարտարապետությունը ոչ միայն շենքեր կառուցելու կամ որոշակի տեխնիկական լուծումներ գտնելու արվեստ է, այլև արվեստների արվեստն է՝ կատարելով համադրումների յուրատեսակ սինթեզ, և այստեղ նաև Հայաստանի խոսքը պետք է ասվի միջազգային այդ կարևոր հարթակում՝ որպես լուծումներ առաջարկող երկիր։ Տվյալ ծրագրի մեջ հաշվի է առնվել երկու բաղադրիչ՝ մշակութային ճարտարապետական ժառանգությունը, որը ստեղծել ու պահպանել ենք դարեր շարունակ, և այսօրվա նոր տեխնոլոգիաների միջոցով լուծումները։ Հաճելի է նաև, որ Հայաստանը ներկայացնելու են հիմնականում երիտասարդները, ինչը յուրատեսակ ուղերձ է բոլոր ասպարեզներում աշխատող երիտասարդ մասնագետներին»,- ասաց Դանիելյանը։
Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա Կարապետյանը նշեց, որ իրականում հիանալի թիմ է ձևավորվել տվյալ նախագծի շուրջ, ինչն առանձնակի հպարտություն է ներշնչում հայկական տաղավարի կազմակերպիչներին։
«Մեր ճարտարապետական խմբին միացել են Սիփան Աչակրյանը և Շահան Կորենը, որոնք Ֆրանսիայից են և զբաղվում են արհեստական բանականության կիրառմամբ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում։ Ունեն հետաքրքիր ուսումնասիրություններ ու աշխատանքներ՝ հսկայական գործ կատարելով նաև մեր նախագծի շրջանակում։ Թումոն ներկայացնում են Հյուլեի Քեշիշյանն ու Գրեգորի Փափազյանը, որոնք նույնպես կատարել են հսկայածավալ աշխատանք՝ համակարգելով ամբողջ գործը։ Թումոն տրամադրել է սկզբնական նյութերը, որոնց վրա հիմնվել է հայկական տաղավարը։ Մեր թիմում է նաև Արի Մելանսիանոն, որը հայտնի փիլիսոփա է և զբաղվում է արհեստական բանականության փիլիսոփայությամբ»,- նշեց Կարապետյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հայկական տաղավարի հիմքում Թումոյի կողմից հայկական մշակութային ժառանգության սկանավորման նախագիծն է։ Խմբի անդամները հակամարտության ընթացքում մեկնել են Լեռնային Ղարաբաղ և այցելել տարբեր տարածքներ, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ։ Կարճ ժամանակահատվածում հասցրել են սկանավորել մեծ ծավալի հուշարձաններ, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և վտանգված են։ Շատերն արդեն իսկ ոչնչացվել են ադրբեջանցի վանդալների կողմից։
«Դրանցից մնացել են միայն այս եռաչափ սկանավորված ֆայլերը, որոնք էլ հենց նախագծի հիմքում են։ Այդ մոդելների հիման վրա ստեղծվել է արհեստական բանականության մոդել, որը մարդկանց կներկայացնի հայկական ճարտարապետության էությունը, նրա հուզական կողմը՝ այն բաժանելով առանձին տարրերի, տեսակների ու տիպարների։ Փորձ է արվել այդ ամենը վերարտադրել քարի տեսքով։ Նպատակն այն է, թե ինչպես պետք է աշխատել մշակութային ժառանգության հետ, պահպանել ոչ միայն թվային ռեսուրսների միջոցով, այլև վերարտադրել դրանց իմաստը նորովի։ Սա բավականին հետաքրքիր նախագիծ է ժամանակակից ճարտարապետական աշխարհում։ Ցանկացած ինքնատիպ կոթողի կորուստը մեծ ցավ է ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար»,- նշեց Կարապետյանը։
Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն իր հերթին ասաց, որ Վենետիկի բիենալեն իսկապես շատ կարևոր իրադարձություն է, որից այլևս պետք չէ բացակայել։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է նոր անակնկալներով զարմացնել բոլորին։
«Այս տարվա բիենալեի հիմնական թեման առնչվում է արհեստական բանականությանը, որի հետ աշխատանքն իրոք բավականին հետաքրքիր է։ Մենք 2015 թվականից սիրողական մակարդակով սկսել ենք սկանավորման աշխատանքները Թումոյի աշխատանոցներում, հետո անցել ենք պրոֆեսիոնալ աշխատանքի և այսօր ունենք Հայաստանի և Արցախի 260-ից ավել հուշարձանների վերաբերյալ համապատասխան պահոցներ։ Թումոն դրանով չի սահմանափակվում։ Մեր յուրաքանչյուր ծրագրի մեջ ամրագրված է կրթական բաղադրիչը։ Կարծում եմ, որ մեր հավաքածուն հարուստ, հետաքրքրական և խորունկ աշխատանքի արդյունք է։ Այդ ամբողջը ցանկանում ենք փոխանցել հայկական տաղավարի այցելուներին՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է պահպանել ու հարստացնել մշակութային արժեքները։ Մեր աշխատանքները վստահաբար չեն ավարտվելու այս բիենալեով, այլ շարունակվելու են՝ ապագայում այլ հորիզոններ փորձարկելու համար»,- ասաց Փափազյանը։