
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կարևորեց գործերի ողջամիտ ժամկետներում քննության իրավունքը՝ որպես հանրային վստահության ամրապնդման, արդար դատաքննության և սոցիալական արդարության վերականգնման առանցքային բաղադրիչ։
Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին նա ընդգծեց, որ դատարանի նախադեպային որոշումներն այս հարցում ունեն ոչ միայն ուղղորդող, այլև կանխարգելիչ նշանակություն։
«Ողջամիտ ժամկետներում գործերի քննության պահանջը այնքան է կապված դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել վստահության բարձր մակարդակ առանց այդ բաղադրիչի։ Այն ոչ միայն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչ է, այլև հնարավորություն է տալիս արագ ավարտել իրավական անորոշության վիճակը, վերականգնել խախտված իրավունքները և վստահություն ներշնչել հասարակությանը պետության իրավական կարողությունների նկատմամբ», – նշեց Վճռաբեկ դատարանի նախագահը։
Թադևոսյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով անդրադարձել է այս հիմնախնդրին և դեռևս 2019 թվականին արձանագրել է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում՝ տուժողի իրավահաջորդի իրավունքի մասով։
«Վերլուծելով կոնկրետ գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը հանգել էր այն եզրակացության, որ գործի ձգձգումը չի եղել արդարացված, անհրաժեշտ ջանասիրություն չէր ցուցաբերվել, և դրա հետևանքով անձը խուսափել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետների լրանալու պատճառով։ Թեև անձի մեղքը հիմնավորվել էր, սակայն, առանց անմեղության կանխավարկածը խախտելու, նա խուսափել էր քրեական պատասխանատվությունից», – նշեց Թադևոսյանը։
Նա հիշեցրեց, որ նմանատիպ որոշում արձանագրվել է նաև 2024 թվականին։ Կրկին խոսքը վերաբերում էր տուժողի իրավահաջորդի իրավունքի խախտմանը և անձի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն։
«Այս որոշումները դարձան ուղենիշ ոչ միայն դատարանների, այլև հայրենական իրավական բոլոր մարմինների համար։ Կարծում եմ՝ դրանք ունեն կանխարգելիչ նշանակություն։ Ամենակարևորն այն է, որ հնարավորություն են տալիս անձին իր խախտված իրավունքի վերականգնումը և հատուցումը ստանալ հենց հայրենական դատական ատյաններում և ստիպված չլինել տարիներով արդարություն որոնել միջազգային ատյաններում։ Այդ առումով այս որոշումները շատ կարևոր են»,-եզրափակեց Լիլիթ Թադևոսյանը։