Մեր Սահմանադրությունն ունի 148-րդ հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի երկրի վարչապետ, իսկ ինչպե՞ս է փոփոխում այդ հոդվածը: Այն փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով: Որպեսզի վստահ լինեք մեր առաջարկի սահմանադրականության օրինականության մեջ, կուզեմ խնդրել՝ լսեք Հայաստանում հայտնի սահմանադրագետների կարծիքը որոշման հետ կապված։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքից հետո, «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է տեսանյութ: Տեսանյութում առաջինը խոսել է փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների երեք ռեժիմ, նախ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, ապա՝ գլուխներ և հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, և երրորդը՝ փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կողմից։
Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է Կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի հոդված չէ, ավելին՝ դրա փոփոխության համար չի պահանջվում հանրաքվե, ուստի՝ այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։
Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության Ազգային ժողովում և այն պետք է հավաքի պատգամավորների՝ ընդհանուր թվի երկու երրորդի ձայները»:
Հաջորդիվ իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն ասել է՝ «Սահմանադրության 148-րդ հոդվածը, այլ կերպ ասած՝ Կառավարությանը ներկայացվող պահանջները, որտեղ հղում է տրվում պատգամավորներին ներկայացվող պահանջներին, կարող է փոփոխվել ավելի պարզեցված, այսինքն՝ Ազգային ժողովի կողմից: Պետականագիտական առումով կարևորագույն հարցերը պետք է շատ խորքային քննարկման առարկա դառնան, նոր համապատասխան որոշումներ կայացվեն»։
ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանն էլ նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից, ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն՝ դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:
«Այո՛ Ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին և Կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները»-ասել է նա։
Գյուլումյանի խոսքին հաջորդել է ԵՊՀ Պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանի խոսքը, որում նա պարզաբանել է՝
«Սահմանադրության որոշ դրույթներ փոփոխվում են Ազգային ժողովի որոշմամբ, կոնկրետ 202-րդ հոդվածի առաջին մասում նշված են այն հոդվածները, այն գլուխները, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: 148-րդ հոդվածը այդ ցանկում չկա, սա նշանակում է, որ մենք պետք է ղեկավարվենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն, հիմքեր լինեն: 202-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի այդ փոփոխությունները կատարվում են արդեն Ազգային ժողովի որոշմամբ»:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հավելել է՝ Ազգային ժողովն առանց հանրաքվեի կարող է Սահմանադրության որոշ գլուխներում և հոդվածներում կատարել փոփոխություններ: 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների և հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։



