Փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռա...

Գործադիրը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը:

Կարգով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, Կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250.0 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:

Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից 250.0 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով: Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն: Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ (այսուհետ՝ հայտ)՝ կցելով փաստաթղթերը: