Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով նախարարի այցը՝ նախագահը նշել է, որ այն վկայում է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված փոխվստահության և բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման հետևողական և հեռանկարային բնույթը։
Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցերի դերը քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում գործակցության խորացման գործում։
Նախարար Երմեկ Կոշերբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ վերահաստատելով իր երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու և բազմաբնույթ դարձնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին։ Մասնավորապես, կարևորվել է ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների խթանումը, գործարար կապերի ակտիվացումը և առևտրատնտեսական համագործակցության ծավալների ընդլայնումը։ Ընդգծվել է, որ առկա է զգալի չօգտագործված ներուժ, որի լիարժեք իրագործումը կարող է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին։
Քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները՝ շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ անդրադառնալով հաղորդակցային ուղիների գործարկման, լոգիստիկ կապերի արդյունավետության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության բարձրացման կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության ամուր հիմք։



