
MediaHub-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է:
Կայքի աղբյուրը հայտնել , որ սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից:
Մեզ պատմեցին, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Մեզ ասացին, որ իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով:
ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Որևէ նոր բան չենք կարող հայտնել»:
Ճշտող հարցին՝ Ախտոյանի սպանված հորաքրոջ որդու եղբորը բերման չե՞ն ենթարկել գործի շրջանակներում, Սարգսյանը միայն նշեց. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»:
Սպասենք պաշտոնական հաստատման:
Նշենք, որ այս պահին Մերձավանում հրաժեշտ են տալիս Վալոդյա Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Վերջինս հիմա տնային կալանքի տակ է: