Փաշինյшնի մшհվшն մшսին լուրերը չшփшզшնցվшծ են...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը։ Փաստաթուղթը մի կողմից արձանագրում է, որ ընտրողներն ունեցել են իրական քաղաքական ընտրության հնարավորություն, մյուս կողմից՝ մատնանշում է ընտրական գործընթացի մի շարք խնդիրներ՝ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ մտահոգություններից մինչև պետական աշխատողների նկատմամբ ճնշումների մասին տեղեկություններ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ և Հանրային հեռուստատեսության կողմնակալություն։ 

Իրականում ԵԵԽՎ 2026 թվականի զեկույցը մեծ հաշով չի տարբերվում 2021 թվականի ընտրություններից հետո եղած զեկույցից։  Պարզվում է, որ նոր զեկույցում տեղ գտած խնդիրների մեծ մասը  արձանագրված էին դեռ հինգ տարի առաջ։

2021-ին ԵԽԽՎ-ն արդեն անդրադառնում էր պետության և իշխող կուսակցության միջև սահմանների խախտման վտանգին։ Զեկույցի 42-րդ կետում նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում քննադատվել է մարզեր կատարած աշխատանքային այցելությունները սեփական ընտրական ուղերձները տարածելու համար օգտագործելու պատճառով։ Թեև այդ միջոցառումները պաշտոնապես քարոզչական չէին անվանվում, դրանց ընթացքում հնչել էին քարոզչական ուղերձներ, օգտագործվել էին նաև «Քաղաքացիական պայմանագրի» տարբերանշանով նյութեր։

ԵԽԽՎ-ի զեկույցում այդ առնչությամբ արձանագրվել էր, որ պետական պաշտոնյայի աշխատանքային այցի ընթացքում կուսակցության գրասենյակներ այցելելը կամ քարոզարշավի ընթացքում պետական հաստատություններ այցելելը լղոզում է իշխող կուսակցության և պետության միջև սահմանը։

2021-ին արձանագրված էր նաև աշխատողների նկատմամբ ճնշումների խնդիրը։ Զեկույցի 43-րդ կետում նշվում էր, որ եղել են դեպքեր, երբ մասնավոր և պետական հատվածի աշխատողների նկատմամբ գործատուների կողմից ճնշում է գործադրվել՝ նրանց որոշակի քարոզչական միջոցառումներին մասնակցեցնելու համար։

Հինգ տարի անց պետական հատվածի աշխատողների նկատմամբ ճնշումների թեման կրկին հայտնվում է միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում։

Նույն պատկերն է վարչական ռեսուրսի հարցում։ 2021 թվականի զեկույցի 45-րդ կետում բառացիորեն արձանագրվում էր, որ վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ պնդումները շարունակվել են ամբողջ քարոզարշավի ընթացքում և միատեսակ չեն հասցեագրվել։ Իսկ եզրափակիչ՝ 79-րդ կետում ԵԽԽՎ-ն կրկին ընդգծել էր, որ պետական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ պնդումները պահպանվել են ամբողջ քարոզարշավի ընթացքում։

2026-ին այս խնդիրը կրկին օրակարգում է՝ արդեն ընտրություններից առաջ իրականացված սոցիալական և տնտեսական միջոցառումների, պետական համակարգի հնարավորությունների օգտագործման և պետական աշխատողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկությունների համատեքստում։

Այսինքն՝ խոսքը մեկ ընտրության ընթացքում պատահաբար առաջացած խնդրի մասին չէ. վարչական ռեսուրսի և պետություն-կուսակցություն սահմանագծի հարցը միջազգային դիտորդների զեկույցներում առկա էր դեռ 2021-ին և կրկին արձանագրվում է հինգ տարի անց։

Կրկնվող մյուս թեման Հանրային հեռուստատեսությունն է։

2021 թվականի զեկույցի 50-րդ կետում ԵԽԽՎ-ն նշում էր, որ պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող հեռուստաընկերություն։ Միաժամանակ պետք է նշել, որ 2021-ի պաշտոնական քարոզարշավի ընթացքում ԵԽԽՎ-ն արձանագրել էր նաև Հանրայինի դրական կողմերը. H1-ը հիմնական մրցակիցներին համեմատելի ծավալով եթերաժամանակ էր տրամադրել, կազմակերպել էր բանավեճեր և հիմնականում պահպանել անվճար ու վճարովի եթերաժամանակի պահանջները։

2026-ին, սակայն, Հանրայինի վերաբերյալ գնահատականն ավելի ընդգծված է. դիտորդական մոնիթորինգը արդեն արձանագրում է իշխող ուժի օգտին կողմնակալության խնդիր։

Հետևաբար այստեղ ևս կարելի է տեսնել շարունակականություն. 2021-ին արձանագրված իշխանամետ խմբագրական քաղաքականության ընկալման խնդիրը հինգ տարի անց չի անհետացել։

Նույնը վերաբերում է քարոզարշավի ֆինանսավորմանը։

Դեռ 2021-ի զեկույցի 48-րդ կետում ԵԽԽՎ-ն մանրամասն նկարագրում էր օրենսդրական բացերը, որոնք հնարավորություն էին տալիս շրջանցել քարոզարշավային ծախսերի սահմանափակումները։ Օրինակ՝ գրասենյակների, տրանսպորտի, կապի և քարոզչական աշխատակազմի ծախսերը ամբողջությամբ չէին ընդգրկվում քարոզարշավային ծախսերի սահմանման մեջ։ Նշվում էր նաև խոշոր կորպորատիվ նվիրատվությունները ֆիզիկական անձանց միջոցով ավելի փոքր վճարումների վերածելու միջոցով սահմանափակումները շրջանցելու հնարավորության մասին։

2026-ի զեկույցում ֆինանսավորման թափանցիկության հարցը կրկին լուծված խնդիր չէ։ Միջազգային դիտորդները շարունակում են մատնանշել վերահսկողության և թափանցիկության բացերը։

Երկու ընտրությունների միջև մեկ այլ ակնհայտ ընդհանրություն ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակն է։

2021-ին ԵԽԽՎ-ն քննադատում էր այն հանգամանքը, որ ընտրական համակարգի փոփոխություններն ընդունվել էին ընտրություններին չափազանց մոտ։ Զեկույցի եզրակացության համաձայն՝ դա իրավական անորոշություն էր առաջացրել և քիչ ժամանակ թողել նոր կանոնները ներդնելու ու ընտրողներին դրանց մասին տեղեկացնելու համար։

2026-ին ԵԽԽՎ-ն կրկին անդրադառնում է ընտրությունների նշանակումից հետո կատարված օրենսդրական փոփոխությանը և ընտրական օրենսդրության կայունության խնդրին։

Այսպիսով, հինգ տարի անց կրկնվում է նաև ընտրական խաղի կանոնները ընտրություններին մոտ ժամանակահատվածում փոփոխելու խնդիրը։

Նմանություն կա նաև քաղաքական մթնոլորտի հարցում։

2021-ի ընտրությունները ԵԽԽՎ-ն բնութագրել էր որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, բայց միաժամանակ արձանագրել էր ինտենսիվ բևեռացում և հիմնական մրցակիցների գնալով ավելի կոշտ ու բորբոքիչ հռետորաբանություն։ Ըստ զեկույցի՝ քարոզարշավի բացասական և անձնակենտրոն բնույթը խանգարել էր քաղաքական ծրագրերի շուրջ բովանդակային բանավեճին։

2026-ին կրկին արձանագրվում են առճակատողական ու բաժանարար հռետորաբանություն, անձնական հարձակումներ և քաղաքական ծրագրերի փոխարեն հակառակորդների դեմ ուղղված քարոզչության գերակայություն։

Մամուլի ազատության վերաբերյալ մտահոգությունները նույնպես նոր չեն։ 2021 թվականի զեկույցի 80-րդ կետում ԵԽԽՎ-ն նշում էր, որ լրագրողների նկատմամբ մասնագիտական պարտականությունները կատարելիս ոտնձգությունների դեպքերը հարցեր են առաջացրել մամուլի ազատության նկատմամբ հարգանքի վերաբերյալ։ 2026-ին մեդիա միջավայրի վերաբերյալ մտահոգությունները շարունակվում են՝ արդեն Հանրայինի կողմնակալության, լրատվական դաշտի բևեռացման և լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ իրավական ճնշումների մասին քննարկումների համատեքստում։

Սակայն 2021 և 2026 թվականների զեկույցների միջև կա նաև էական տարբերություն։

2026-ի ընտրությունների վերաբերյալ գնահատականներում առավել ընդգծված է ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների ազդեցության հարցը։ Միջազգային դիտորդները արձանագրել են, որ ընդդիմադիրների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացված բնույթը նպաստել է «ընտրովի արդարադատության ընկալման» ձևավորմանը։

2021-ին նույնպես կային քրեական վարույթներ և թեկնածուների ձերբակալություններ, սակայն դրանք հիմնականում ներկայացվում էին ընտրակաշառքի վերաբերյալ գործերի համատեքստում։ Զեկույցը, օրինակ, հիշատակում էր երեք թեկնածուների ձերբակալություն և ընտրակաշառքի վերաբերյալ ևս 14 քննություն։ Բայց քաղաքական ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումների ազդեցության հարցը այնպիսի ընդգծված ձևակերպմամբ չէր ներկայացվում, ինչպես 2026-ի դիտորդական գնահատականներում։

Ուստի 2021 և 2026 թվականների ԵԽԽՎ զեկույցների համեմատությունը ցույց է տալիս ոչ միայն տարբերություններ, այլև մի շարք կրկնվող խնդիրներ։

Դեռ 2021-ին միջազգային դիտորդները խոսում էին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ պնդումների, պետական և մասնավոր հատվածի աշխատողների նկատմամբ ճնշումների, պետություն-իշխող կուսակցություն սահմանագծի լղոզման, Հանրային հեռուստատեսության իշխանամետ ընկալման, քարոզարշավի ֆինանսավորման բացերի, ընտրություններին մոտ օրենսդրական փոփոխությունների, ագրեսիվ քաղաքական հռետորաբանության և լրագրողների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։

Հինգ տարի անց այդ թեմաներից զգալի մասը կրկին տեղ է գտել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներում, իսկ որոշ ուղղություններով՝ մասնավորապես ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների և Հանրայինի կողմնակալության հարցերում, քննադատական շեշտադրումները դարձել են ավելի ընդգծված։