Ուկրաինան հարվածել է Բելգորոդի ԱԹՍ-ներ մշակող...

Օգոստոսի 3-ի գիշերը Բելգորոդի վրա իրականացված զանգվածային հարձակման ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Բելգորոդի Վ․ Գ․ Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանը, հայտնում է տեղական «Пепел» պարբերականը։ Ուսումնական հաստատության շենքին և տարածքին հասցված մի քանի հարվածներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մասնաշենքերից մեկն ամբողջությամբ այրվել է։ «Пепел»-ի տվյալներով՝ այդ մասնաշենքում մշակվում և փորձարկվում էր անօդաչու սարքերի կառավարման ավտոմատացված համակարգ, որն ստեղծված է եղել հայրենական «Միլանդր» միկրոպրոցեսորի հիման վրա։ Ընդ որում, համալսարանից ընդգծում էին, որ մշակումն ունի քաղաքացիական նշանակություն և նախատեսված է էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ), ջերմային ցանցերի մոնիթորինգի, ինչպես նաև աերոլուսանկարահանման համար։ Այս ամառ ԲՀՏՀ-ն դպրոցականների էր ընդունում ամառային ճամբարների՝ անօդաչու սարքերի մշակման դասընթացների համար։ Պաշտոնական աղբյուրները համալսարանի վրա հարձակման մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։

Ուկրաինական անօդաչուները հարվածել են նաև Վլադիմիրի մարզում գտնվող «պահեստային համալիրին», հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։ «Մարդիկ էվակուացվել են։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները», — գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել Wildberries-ի «Վլադիմիր - Վորշինսկոյե» լոգիստիկ կենտրոնը։ Ականատեսների տեսանյութերի համաձայն՝ պահեստի շենքին հարվածել է առնվազն մեկ անօդաչու սարք, որից հետո հրդեհ է բռնկվել։ 58,5 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը բացվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Ընթացիկ տարում նախատեսվում էր այն ընդլայնել՝ հասցնելով մինչև 175 հազար քառակուսի մետրի։ Այս պահեստից ապրանքները բաշխվում են դեպի Մոսկվա, Ռուսաստանի Կենտրոնական շրջանի այլ մարզեր, ինչպես նաև երկրի հյուսիս-արևմուտք։

Բացի այդ, անցած գիշեր անօդաչու թռչող սարքերը հարձակվել են բռնազավթված Ղրիմի վրա։ Ուկրաինական «Крымский ветер» և Exilenova+ ալիքների տվյալներով՝ պայթյուններ են հնչել Սակիի շրջանում, Ֆեոդոսիայում, Սիմֆերոպոլում և Կերչում։ Ինչպես պնդում են ալիքները, Ֆեոդոսիայում ռուսական բջջային կրակային խմբերը փորձել են ոչնչացնել դրոնը, սակայն այն, հավանաբար, հարվածել է տեղի նավթամբարի տարածքին։ Կերչում հրդեհ է բռնկվել Կենտրոնական շուկայի և ավտոկայանի հարևանությամբ, որոնց մոտակայքում գտնվում է Կերչի նավահանգիստը։ Տեղի բնակիչները հայտնել են նավահանգստի մոտակայքում բռնկված հրդեհի մասին։ Ստեղծված իրավիճակում Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։