Ուկրաինան եւ Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ վերսկսել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքին հասցվող հարվածները դադարեցնելու բանակցությունները, Financial Times-ին տեղեկացրել են իրազեկ աղբյուրները։
«Ընթանում են վաղ բանակցություններ ինչ-որ բանի հնարավոր վերագործարկման մասին»,- ասել է իրավիճակին ծանոթ դիվանագետը։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Կիեւում ցանկանում են վերադառնալ համաձայնագրին, որը գրեթե կնքվել էր Կուրսկի մարզ Ուկրաինայի ԶՈւ ներխուժումից առաջ։ Նրանք նշել են, որ վերջին շաբաթներին Մոսկվան եւ Կիեւն արդեն կրճատել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածները երկու երկրենրի հատուկ ծառայությունների միջեւ պայմանավորվածության շրջանակում։
Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հազիվ թե համաձայնի գործարքին, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն քշի ուկրաինացիներին Կուրսկի մարզից, որտեղ նրանք վերահսկում են մոտ 600 քառ. կմ տարածք, նշել է Կրեմլի նախկին բաձրաստիճան պաշտոնյան։ «Քանի դեռ [ուկրաինացիները] տրորում են հողը Կուրսկում, Պուտինը կխփի [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու էներգետիկ ենթակառուցվածքին»,- ասել է FT-ի զրուցակիցը։
Ռուսական իշանություններին բանակցությունների մղելու համար Ուկրաինան ծրագրում է շարունակել հարվածել նավթավերամշակող գործարաններին, ասել է ուկրաինացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Կիեւը դրոնների գրոհներից բացի «այլ էական լծակներ չունի, որպեսզի [ստիպի ռուսներին] գնալ բանակցությունների»։
FT-ի տվյալներով՝ 2023թ. աշնանը Կիեւը եւ Մոսկվան արդեն կնքել էին ոչ պաշտոնական համաձայնություն միմյանց էներգետիկ ենթակառուցվածքին չհարվածելու մասին։ Արդյունքում՝ Ռուսաստանը անցած ձմռանը զերծ մնաց զանգվածային գրոհներից։ Բայց անօդաչուների գրոհների պատճառով նավթավերամշակման գործարանների դեմ Կրեմլը այդ պայմանավորվածությունները համարեց խախտված, տեղեկացրել են պարբերականի աղբյուրները։
Ի պատասխան դրոնների գրոհների՝ Ռուսաստանն ուժեղացրել է հեռահար հրթիռներով հարվածները ուկրաինական էներգետիկային։ Սեպտեմբերին Զելենսկին տեղեկացրել է, որ ռուսական բանակը ոչնչացրել է բոլոր ջերմաէլեկտրակայանները եւ հէկերի հզորությունների զգալի մասը։ Նրա խոսքով՝ երկրի էներգահամակարգը քայքայվել է 80 տոկոսով, եւ միլիոնավոր ուկրաինացիներ կարող են մնալ առանց ջերմության գալիք ձմռանը։