Իսրայելը Լիբանանին գնդակոծել է ֆոսֆորային զին...

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի Էն Նակուրա բնակավայրին՝ կիրառելով ֆոսֆորային զինամթերք։ Այս մասին հայտնում են Al Mayadeen և Shafaq News լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ բնակավայրը նաև ենթարկվել է հրետակոծության։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Իսրայելական ուժերն, ըստ Shafaq News-ի, նաև հարվածել են Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող մի շարք բնակավայրերի։ 

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ էին իրականացնում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։ Մեկ տարվա ընթացքում Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3500 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 15 000 մարդ։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Իսրայելի հյուսիսից ևս տասնյակ հազարավոր մարդիկ են տեղահանվել «Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով։