Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված նպատակներից 18-ը՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատական ծանրաբեռնվածության նվազեցում, դատավարությունների թվայնացում, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության ոլորտում ունեցած հաջողություններ, որոնց հետ առնչվող նոր ինստիտուտներ են ձևավորվել: Նա նշել է, որ նախարարությունը մեծ քայլեր է արել նաև քրեական արդարադատության բարեփոխման ուղղությամբ:
Խոսելով հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներից՝ նա նշել է հաստատված ռազմավարական գործող փաստաթղթերի առկայությունը: Նախարարը հիշեցրել է նաև «ԳՐԵԿՈ»-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից դուրս գալու փաստը: Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միության օրենսդրությանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախարարության ռազմավարության մեջ:
Այս գործընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել իրավական մի շարք ակտերի համապատասխանությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագետներ: Հանդիսավոր միջացոռմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությունները, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ: