Ուկրաինան դե յուրե մնում է ԱՊՀ-ի կազմում, սակայն դուրս է եկել Համագործակցության շրջանակներում համաձայնագրերի և պայմանավորվածությունների մոտավորապես 20%-ից, լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «БелТА» գործակալությունից:
«Ուկրաինայի ղեկավարությունը որոշում Է ընդունել դուրս գալ մի ամբողջ շարք համաձայնագրերից. ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի և պայմանավորվածությունների շուրջ 20%-ից նրանք դուրս են եկել, քանի որ Ուկրաինայի ղեկավարության կարծիքով՝ հանրապետության մասնակցությունն այդ համաձայնագրերին կորցրել է արդիականությունը», - ասել է Սերգեյ Լեբեդևը։
Այսօր Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում տեղի է ունենում Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին առընթեր ԱՊՀ-ի մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:
Պլանավորվում Է, որ նիստում կներկայացվի 2023 թ.-ին ԱՊՀ-ում Ղրղզստանի նախագահության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների պլանը։
Մշտական ներկայացուցիչները նաև կքննարկեն ապրիլի 14-ին Տաշքենդում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագիծը և կհաստատեն 2023 թ.-ին խորհրդի աշխատանքի պլանը։