Պեսկով․ «Ուկրաինան ստիպված է լինելու վճարել վ...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան կվճարի վերջին ամիսներին Ռուսաստանի ուղղությամբ հասցրած հարվածների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահը նույնպես խոսել է այդ մասին. Ուկրաինան ստիպված է լինելու վճարել վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։ Հիմա հենց դա է տեղի ունենում։ Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը և բավականին հետևողականորեն հարվածներ են հասցնում այն ​​թիրախներին, որոնք նպատակահարմար են համարում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և երաշխավորի, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հարված հասցնել նրան:

«Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը բոլորին քաջ հայտնի են։ Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հայտարարել Ռուսաստանին 40 օրվա ընթացքում ջախջախիչ հարված հասցնելու ծրագրերի մասին, ինչպես, օրինակ, հնչեցվել էր Կիևից», - նշել է Պեսկովը: