Ուկրաինան այս գարնանը կավարտի «Դրուժբա» նավթա...

Ուկրաինան այս գարնանը կավարտի «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը, և դրանով նավթի տարանցումը կվերսկսվի՝ չնայած Ռուսաստանի հետագա հարվածների ռիսկին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Եթե եվրոպական ֆինանսավորման հարցը շարունակի կախված մնալ նավթի մատակարարման հնարավորությունից, ապա մենք ասել ենք, թե երբ կվերանորոգենք «Դրուժբա» նավթամուղը։ Իսկ մատակարարումների պատասխանատվությունը կընկնի եվրոպացիների վրա», - ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կվերանորոգի «Դրուժբա» նավթամուղը, քանի որ նման պայմանավորվածություն գոյություն ունի։

«Ես նրանց ասել եմ, որ կավարտենք այս գարնանը։ Շատ բան արդեն արվել է», - հավելել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նախագահը զգուշացրել է, որ ավերված ռեզերվուարները կարճ ժամանակում հնարավոր չէ վերականգնել։ Հետևաբար, խոսքը միայն տարանցման վերականգնման մասին է՝ այս գործընթացին ուղեկցող բոլոր ռիսկերով։

Զելենսկին նշել է, որ հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանը զերծ կմնա խողովակաշարին հետագա հարվածներից։

Նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պատճառով Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումն Ուկրաինային։ Սլովակիան կիսում է Հունգարիայի դիրքորոշումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նաև հայտարարել է Ուկրաինային գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Ուկրաինան հայտարարել է, որ «Դրուժբա»-ի փակման պատճառը հունվարի վերջին խողովակաշարի ենթակառուցվածքներին Ռուսաստանի ավիահարվածներն էին։