Հոկտեմբերի 2-ի գիշերը ռուս զինվորականները մեկ օրվա ընթացքում չորրորդ անգամ հարվածել են Կիևում Դնեպրի վրայով անցնող առանցքային կամուրջներից մեկին՝ Հարավային կամրջին, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքիղեկավար Վիտալի Կլիչկոն։ Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ գրոհից հետո անցումը փակվել է երկու ուղղություններով։ Փակվել է նաև Պատոնի կամուրջը, Դնեպրի աջ ափից ձախ ափ ընթացող մետրոյի գնացքների շարժը դադարեցվել է։ Վերգետնյա տրանսպորտի երթուղիները ժամանակավորապես կազմակերպվել են Դառնիցկի և Պոդոլսկի կամուրջներով։ Գիշերային գրոհի ընթացքում Կիևի Դառնիցկի շրջանում վնասվել և հրդեհվել է նաև 25 հարկանի բնակելի շենք։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտնել են մեկ զոհի և երկու վիրավորի մասին։
Նախորդ օրը ցերեկը ռուսական զորքերն առաջին անգամ գրոհել էին Կիևի Հարավային կամուրջը։ Երկու անօդաչու թռչող սարք ընկել էր կամրջի հենարանների մոտ։ Զննության ընթացքում կառույցի կրիտիկական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Երեկոյան ևս մեկ դրոն հարվածել և վնասել է կամրջի հենարանը, արգելապատնեշը, ճանապարհածածկը և մետրոպոլիտենի պաշտպանիչ բետոնե պատնեշը։ ՌԴ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 2-ի առավոտյան հայտնել են, որ անօդաչուները հարվածել են Կիևում «Դնեպր գետի վրայով անցնող ավտոերկաթուղային կամրջին», քանի որ այն ապահովում է «զորքերի տեղափոխումը, ռազմական բեռների լոգիստիկ մատակարարումները՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների շահերից ելնելով»։
Բացի այդ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով, գիշերը գրոհի է ենթարկվել նաև «Կիևսկայա» էլեկտրական ենթակայանը, որն «ապահովում է էլեկտրաէներգիայի փոխանցումն ու դրա բաշխումը Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների համար»։ Օդեսայի մարզի Իզմայիլի նավահանգստում թիրախ է դարձել արտադրական-արդյունաբերական համալիրը, որի միջոցով, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, անցնում են ուկրաինական բանակի համար նախատեսված ռազմական բեռներն ու վառելիքը։ Բացի դրանից, ռուսական զորքերը հարվածել են նաև Սև ծովում գտնվող բեռնանավին, որն Օդեսա էր հասցնում «ռազմական գույք և երկակի նշանակության բեռներ Ուկրաինայի զինված ուժերի համար»։



