Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից: Նա պահանջում է հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև բռնագանձել Ղազարյանից 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։
Մասնավորապես, Փաշինյանը հայցադիմումով պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։
Փաշինյանը պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։
Հայցը հոկտեմբերի 1-ին մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։



