Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդու տունը երեք տարի առաջ արժեր 50 հազար դոլար, իսկ այսօր՝ 100 հազար, ապա մարդը հարստացել է։
Առաջին հայացքից տրամաբանությունը պարզ է․ մարդու ունեցվածքի շուկայական արժեքն աճել է։ Բայց տնտեսագիտության մեջ սա դեռ բավարար չէ պնդելու համար, որ նրա իրական հարստությունը կրկնապատկվել է։
Նախ՝ տունը 100 հազար դոլար արժենալը դեռ չի նշանակում, որ սեփականատերը 50 հազար դոլար եկամուտ է ստացել։ Դա չիրացված ակտիվի արժեքի աճ է։ Եթե նա վաճառի իր տունը և ցանկանա նույն կարգի մեկ այլ տուն գնել, մեծ հավանականությամբ կբախվի արդեն թանկացած նույն շուկային։
Երկրորդ՝ պետք է հաշվի առնել դրամի փոխարժեքն ու գնաճը։ Պայմանականորեն, եթե երեք տարի առաջ 1 դոլարը 420 դրամ էր, իսկ այսօր՝ 360 դրամ, ապա 50 հազար դոլարանոց տունը այն ժամանակ արժեր 21 մլն դրամ, իսկ այսօրվա 100 հազար դոլարանոցը՝ դրամով ոչ թե դարձել է 2023-ի կրկնապատիկը՝ 42 մլն դրամ, այլ 36 մլն դրամ։ Այսինքն՝ դրամով աճը ոչ թե 100, այլ մոտ 71 տոկոս է։
Բացի այդ, այդ տարիներին աճել են նաև ապրանքների և ծառայությունների գները։ Հետևաբար 36 մլն դրամն այսօր նույն գնողունակությունը չունի, ինչ երեք տարի առաջ։ Արմստատի սպառողական գների ինդեքսն էլ հենց այս տարբերությունն է չափում։ Այն, ինչ մարդը 2023 թվականին կարող էր գնել 36 մլն դրամով, այսօր նույն քանակով և նույն տեսակի ապրանքներն ու ծառայությունները գնելու համար կպահանջեր մոտ 39.4 մլն դրամ։ Այսինքն 3,4 մլն դրամ պետք կլինի գնաճը լրացնելու համար։
Ուստի տնտեսագիտական առումով ավելի ճշգրիտ կլինի ասել՝ մարդու անշարժ գույքի անվանական շուկայական արժեքն աճել է։ Բայց «տունը 50 հազարից դարձել է 100 հազար, հետևաբար մարդը կրկնակի հարստացել է» ձևակերպումը անտեսում է գնաճը, փոխարժեքը և այն փաստը, որ նույն ժամանակահատվածում թանկացել է նաև այն գույքը, որը նա կարող է ցանկանալ գնել։
Թղթի վրա գույքը կարող է կրկնակի թանկանալ, մինչդեռ մարդու իրական կենսամակարդակն ու գնողունակությունը նույնիսկ մոտավորապես կրկնապատկված չլինեն։ Փաշինյանի պնդումը քաղաքացիներին մոլորեցնելու փորձ է և տնտեսագիտական անգրագիտություն։



