Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի...

Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ հրթիռներ է ստացել։ Այդ մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ստացել ենք, չեմ ասի, թե որ պետությունից, Crotale ՀՕՊ մի քանի համակարգերի և դրանց հրթիռների հետագա մատակարարումների հաստատում։ Մենք նաև ստացել ենք AIM հրթիռներ, որոնք մեզ համար շատ կարևոր հրթիռներ են, դե իսկ, եթե անկեղծ լինենք, ևս քիչ քանակությամբ Patriot հրթիռներ են մուտք գործել, թե քանի հատ՝ չեմ կարող ասել, բայց քիչ, պետք է ավելին», - ասել է նա ուկրաինական մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը խոստովանել էր, որ գործընկեր երկրների հետ իր բանակցությունների արդյունքներով Բեռլինը դեռևս կոնկրետ խոստումներ չի ստացել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ միջոցներ տրամադրելու վերաբերյալ։

Վադեֆուլը պնդել էր, որ Կիևին պետք են ավելի շատ ՀՕՊ համակարգեր, ավելի շատ զինամթերք և ավելի շատ աջակցություն էլեկտրա, ջրի և ջերմամատակարարման ոլորտում։ Հատկապես, ըստ նրա, Ուկրաինայի առջև կանգնած է հակաօդային պաշտպանության խնդիրը։

Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Արևմուտքի կողմից սպառազինությունների ուղարկումը Կիև և օժանդակությունը ուկրաինական զինվորականների ուսուցմանը միայն ձգձգում են հակամարտությունը և չեն փոխում իրավիճակը մարտադաշտում։