Ես պատրաստ եմ նստել և քննարկել Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը, եթե նա ընդունի այդ օրակարգը։ Այս մասին օգոստոսի 25-ին Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Գարեգին Երկրորդը կամ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը՝ խմբ.) ընդունի Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կհայտարարեմ, որ կնստեմ և լիակատար հարգանքով կքննարկեմ նրա հետ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, թե կան մերը և ոչ մերը... Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեպաշտության կանոններ և այդ կանոնների պահպանման հստակ մեխանիզմներ։ Ինչպե՞ս կարող ենք հաշտվել այն փաստի հետ, որ մեր սրբության սրբոցը հարվածի է ենթարկվել։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք. ուզում եք՝ նրան կաթողիկոս անվանենք, ուզում եք՝ Գարեգին Երկրորդ, ուզում եք՝ Կտրիճ Ներսիսյան։ Այս ամենի հետևում կանգնած են փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ»,- ասել է Փաշինյանը՝ ակնարկելով կաթողիկոսի երեխա ունենալու մասին լուրերը։
Անդրադառնալով «Հզոր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի քաղաքացիների 97%-ը վստահում է ՀԱԵ-ին, Փաշինյանը հավելել է.
«Իհարկե հավատում են։ Խնդիրն էլ հենց դա է։ Այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 97%-ը հավատում է, իսկ Եկեղեցու ղեկավարը ընդհանրապես Աստծուն չի հավատում։ Նա հոգևոր կյանք չունի։ Նա հրաժարվել է Աստծուն տված իր ուխտից, և այդ դավաճանությունը պարտադրվել է բոլորիս։ Ես պատրաստ չեմ պատասխանատվություն կրել այդ դավաճանության համար»։



