Թուրքական բանակը հարվածներ է հասցրել քրդաբնակ...

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թուրք օկուպանտները Քոբանիի գյուղերում հանցագործություն են կատարել խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք քրդական ANHA գործակալությունից։

Հայտարարության տեքստում ասվում է հետևյալը.

«Թուրքական օկուպացիոն բանակը շարունակում է հանցագործություններ կատարել մարդկության և հյուսիսարևելյան Սիրիայի ժողովրդի դեմ, որոնց միջոցով փորձում է կոտրել մեր ժողովրդի կամքը և ճանապարհ հարթել իր օկուպացիոն նախագծերի իրականացման համար՝ իր հարձակումներն իրականացնելով անմիջապես  տարածաշրջանի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ։

Այսօր՝ ժամը 13:30-ին, Ջալաբիյա շրջանի Ռակաս գյուղում օկուպացիոն բանակը հերթական հանցագործությունն է կատարել՝ անօդաչու թռչող սարքով հարձակվելով մի խումբ քաղաքացիների վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12-ամյա մի երեխա։

Այս հանցագործությունն արձանագրվել է և ավելացվել թուրք օկուպանտների հանցագործությունների ցանկում։ Այսպիսով, այս ամսվա ընթացքում թուրքական օկուպացիոն բանակի հարձակումների արդյունքում նահատակված խաղաղ բնակիչների թիվն արդեն հասել է 16-ի»։