
Ծաղկի արտահանմամբ զբաղվող հայերը Վրաստանում դժվարությունների են հանդիպում:
Դրա մասին մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հայտարարել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը՝ դիմելով Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
Ըստ նրա՝ արդեն մեկ ամիս է, ինչ հայ գործարարները խնդիրներ ունեն Վրաստանի տարածքով իրենց ապրանքները Ռուսաստան տեղափոխելու հարցում։
«Մասնավորապես, Լարսի անցակետում վրացի մաքսավորները վարորդներից պահանջում են վերադառնալ Թբիլիսի՝ ավելի մանրակրկիտ զննում անցնելու համար։ Վերադարձի ժամանակ կամ հենց տեղում քաղաքացիական հագուստով տարօրինակ մարդիկ սկսում են մոտենալ վարորդներին՝ ներկայանալով որպես այս կամ այն կառույցի աշխատակիցներ: Նրանք խնդիրներին լուծումներ են առաջարկում «խորհրդանշական» վճարի» դիմաց,- պատմել է պատգամավորը։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում առաջացած խնդրի լուծման համար։
Ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել է, որ գերատեսչությունը տեղյակ է առաջացած բարդություններին։
«Մենք աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ»,- ասել է գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ խոսքը ավելի շատ առանձին դեպքերի մասին է։ Ըստ նախարարի՝ նման դեպքերը համատարած բնույթ չեն կրում:
«Նախնական արձագանքն այն էր, որ աշխատանքներ են տարվում ըստ Վրաստանում գործող օրենսդրության»,- հայտնել է Պապոյանը։ Նրա կարծիքով՝ խնդրի լուծումը երկար սպասել չի տա։