Իսրայելը Գազան վերածել է աշխարհի խոշորագույն համակենտրոնացման ճամբարի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր պաղեստինցի եղբայրների պահպանած հրադադարը հազարավոր անգամներ խախտվել է իսրայելական կառավարության կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 1,500 պաղեստինցի, ևս ավելի քան 5,000 վիրավորվել են։ Հանցավոր ցանցը, որը ցեղասպանություն է իրականացնում Գազայում և իրեն միջազգային իրավունքից բարձր է համարում, այն վերածել է աշխարհի խոշորագույն համակենտրոնացման ճամբարի»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած միջազգային իրավական ֆորումում։
Նրա խոսքով՝ հրեական պետությունը տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրն ընկալում է որպես սպառնալիք իր իսկ համար։
«Իսրայելի ագրեսիվ գործողությունները փորձություն են ողջ մարդկության համար»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Անկարան ավելի վաղ ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ և միացել Հարավային Աֆրիկայի կողմից Միջազգային քրեական դատարանում հրեական պետության դեմ նախաձեռնված դատական գործընթացին՝ Գազայի հատվածում ցեղասպանության մասին կոնվենցիայի խախտման մեղադրանքով։
«Թուրքիան պատրաստ է հանդուրժել դժվարությունները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց նա մեջք չի դարձնի նրանց, ովքեր հույսեր են կապում իր հետ և տառապում անարդարությունից։ Քանի դեռ Գազայում ցեղասպանության մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, չի կարող խոսք լինել միջազգային համակարգի արդարության մասին»,- հայտարարել է Էրդողանը։



