Փաշինյանը ինչու է վախենում Միքայել Մինասյանից

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որն արդեն ութ տարի հայտարարում է նախկին իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարի մասին, զարմանալի անտարբերություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ առնչվող կոնկրետ պատմություններին։ Ավելին՝ անգամ այն դեպքերում, երբ առկա են հնարավոր ապօրինությունների մասին վկայություններ և պետական մարմինների պաշտոնական պատասխաններ, իրավապահների կողմից տեսանելի արձագանք չկա։

Դեռևս 2025 թվականին Politik.am-ը հրապարակել էր մի ուշագրավ պատմություն այն մասին, թե ինչպես է Երևանի կենտրոնում գտնվող հուշաղբյուր-ցայտաղբյուրը նախ դուրս բերվել պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկից, ապա ապամոնտաժվել, իսկ դրա տարածքում գործել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Ջազվե» սրճարանը։

Հիշեցնենք, որ մեր խմբագրություն էր դիմել Երևանի մի քաղաքացի՝ խնդրելով բարձրաձայնել Ֆիլհարմոնիկ համերգասրահի մուտքի հարևանությամբ նախկինում գոյություն ունեցած հուշաղբյուր-ցայտաղբյուրի ոչնչացման պատմությունը։

Հուշաղբյուր-ցայտաղբյուրն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Սակայն հետագայում այն հանվել է ցանկից, ինչը հնարավորություն է ստեղծել տարածքն օգտագործելու առևտրային նպատակներով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ հուշաղբյուր-ցայտաղբյուրն այլևս ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։

Սակայն առավել ուշագրավ էին Մշակույթի նախարարության նախկին աշխատակիցներից մեկի՝ մեզ փոխանցած տեղեկությունները։ Նա, խնդրելով չհրապարակել իր անունը, հաստատել էր, որ հուշաղբյուր-ցայտաղբյուրն իսկապես ընդգրկված է եղել պետական ցուցակում, սակայն ժամանակին նախարարությունը հրահանգ է ստացել այն ցուցակից հանելու։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ պաշտոնական հիմնավորումը բոլորովին այլ է եղել, սակայն համակարգում հասկացել են, որ իրական նպատակը Միքայել Մինասյանի բիզնես գործունեության համար խոչընդոտները վերացնելն էր։

Այսինքն՝ ըստ մեր աղբյուրի, պետական պահպանության ենթակա հուշարձանի կարգավիճակի փոփոխության հետևում կանգնած են եղել ոչ թե մշակութային կամ հանրային շահերը, այլ կոնկրետ անձի տնտեսական հետաքրքրությունները։

Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում։

Նույնիսկ հուշարձանների պետական ցուցակից դուրս գալուց հետո հուշաղբյուրի ապամոնտաժման օրինականությունը մնում է լուրջ հարցականի տակ։

Դրա վերաբերյալ մենք դեռևս 2025 թվականին գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Ի պատասխան մեր 2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 215-2025 գրության՝ քաղաքապետարանից հայտնել էին.

«Ի պատասխան Ձեր 17.09.2025թ. հ.215-2025թ. գրության՝ հայտնում եմ, որ համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տեղեկատվության՝ Ֆիլհարմոնիկ համերգասրահի հարևանությամբ նախկինում գործող հուշաղբյուր-ցայտաղբյուրի ապամոնտաժման մասին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկատվություն առկա չէ»։

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը տեղեկություն չունի, թե ինչ հանգամանքներում է ապամոնտաժվել քաղաքի կենտրոնում գտնվող հուշաղբյուր-ցայտաղբյուրը։

Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկն էլ մեզ տեղեկացրել էր, որ հուշաղբյուրն ապամոնտաժվել է իբրև տարածքը բարեկարգելու և հետագայում այն վերատեղադրելու պայմանով։ Սակայն, ըստ նրա, խոստումն այդպես էլ չի կատարվել, իսկ հուշաղբյուրը չի վերադարձվել իր նախկին տեղը։

Նույն աղբյուրի պնդմամբ՝ քաղաքային իշխանությունները տեղյակ են եղել կատարվածից, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել։ 

Հետաքրքիր, որ մեր նախորդ հրապարակումից հետո ևս քաղաքային իշխանություններին չհետաքրքրեց, թե ուր է կորել հուշաղբյուրը, որի քանդման որոշում իրենք չեն տվել։

Այս ամենը հնարավոր ապօրինության վերաբերյալ առնվազն լուրջ կասկածներ է առաջացնում։ Ո՞վ է որոշել հուշաղբյուրը դուրս բերել պետական ցուցակից, ո՞վ է թույլ տվել դրա ապամոնտաժումը, և որտե՞ղ է այժմ գտնվում այն։

Հենց այս հարցերի պատասխանները ստանալու և հուշարձանի կարգավիճակի փոփոխության հանգամանքները պարզելու նպատակով մենք դիմել ենք նաև իրավապահ մարմիններին։ Սակայն մեր դիմումն անարձագանք է մնացել։

Եվ այստեղ արդեն հարցն ուղղակիորեն վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած իշխանությանը։

Տարիներ շարունակ հասարակությանը ներկայացվում է, թե Հայաստանում անզիջում պայքար է ընթանում նախկին իշխանությունների ապօրինությունների դեմ։ Բայց ինչո՞ւ այդ պայքարը չի երևում, երբ հրապարակվում են Միքայել Մինասյանի հետ առնչվող կոնկրետ դրվագներ։

Ինչո՞ւ իրավապահները չեն պարզում՝ արդյոք Մշակույթի նախարարության նախկին պաշտոնյաներին իսկապես հրահանգվել է հուշարձանը հանել պետական ցուցակից։ Եթե այո, ապա ո՞վ է տվել այդ հրահանգը։ Ինչո՞ւ չի պարզվում, թե ով է ապամոնտաժել հուշաղբյուրը, և արդյոք դրա համար եղել են համապատասխան թույլտվություններ։

Առավել ևս, որ այստեղ խոսքը միայն Միքայել Մինասյանի հնարավոր տնտեսական շահերի մասին չէ։ Խոսքը պետական կառույցների որոշումների, Երևանի պատմամշակութային միջավայրի և հանրային ունեցվածքի նկատմամբ հնարավոր ոտնձգության մասին է։

Փաշինյանի կառավարությունը սիրում է նախկինների ապօրինությունների թեմայով բարձրագոչ հայտարարություններ անել, սակայն կոնկրետ այս պատմության պարագայում մենք տեսնում ենք լռություն և անգործություն։

Ստացվում է՝ նախկինների դեմ պայքարը քաղաքական հայտարարություններում կա, իսկ երբ հարկավոր է պարզել Միքայել Մինասյանի հետ կապվող կոնկրետ դեպքի հանգամանքները, իշխանության վճռականությունն անհետանում է։

Ի վերջո, հուշաղբյուրը պարզապես անհետացել է Երևանի կենտրոնից, իսկ պետությունը մինչ օրս հանրությանը չի ներկայացրել համոզիչ բացատրություն, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել։

Այս պատմության մեջ ամենաուշագրավը գուցե նույնիսկ հուշարձանի անհետացումը չէ, այլ այն, որ ապօրինությունների դեմ պայքարը սեփական քաղաքական առաքելությունը հռչակած իշխանությունը չի շտապում պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Եվ այստեղ արդեն անխուսափելի է հարցը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի՞ ցանկանում բացահայտել Միքայել Մինասյանի հետ առնչվող այս պատմությունը, թե՞ կան հանգամանքներ, որոնց հրապարակումը ձեռնտու չէ նաև գործող իշխանությանը։