Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Վարոս Սիմոնյանի գործունեությունն ապրանքների հավաստագրման ոլորտում կարող է դառնալ քրեական ստուգման առարկա։ Այս մասին հոկտեմբերի 9-ին «Իզվեստիա»-ին հայտնել է ԵՏՀ գործունեությանը մոտ կանգնած աղբյուրը։
Սիմոնյանը հանձնաժողով է գործուղվել Հայաստանից։ 2019–2021 թվականներին նա զբաղեցրել է հանրապետության էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը և, պարբերականի զրուցակցի խոսքով, համակարգել է Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի (ARMNAB) աշխատանքը։
Աղբյուրը նշել է, որ դեռ այդ ժամանակահատվածում հանրապետությունում կարող էր ձևավորվել ապրանքների հավաստագրեր տրամադրելու համակարգ՝ առանց անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու։ Նրա կարծիքով՝ արդեն ԵՏՀ անցնելուց հետո Սիմոնյանը նույնպես կարող էր ազդել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրման ժամկետների վրա, որը, ի թիվս այլ բաների թույլ է տալիս հետևել արտադրանքի որակի փաստաթղթերի արդիականությանը։
«Բացի այդ, լինելով ԵՏՀ նախարար՝ Սիմոնյանը դեմ է հանդես գալիս խարդախությունների մեջ մերկացված լաբորատորիաներին հավատարմագրումից զրկելուն՝ չնայած տրված հազարավոր կեղծ հավաստագրերին։ Այս ամենը կարող է դառնալ լուրջ, այդ թվում քրեական, հետաքննության առարկա ԵՏՀ նախարարի նկատմամբ և նրան անձեռնմխելիությունից զրկելու հիմք», — կարծում է «Իզվեստիա»-ի՝ ԵՏՀ գործունեությանը մոտ կանգնած աղբյուրը։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ ԵԱՏՄ պաշտոնատար անձը կարող է զրկվել անձեռնմխելիությունից, եթե առկա են պահանջներ, որոնք կապված են մասնագիտական գործունեության հետ և դուրս են գալիս նրա լիազորությունների սահմաններից։ Աղբյուրի կարծիքով՝ այս դեպքում ստուգման հիմք կարող են դառնալ նաև քրեական գործերն այն լաբորատորիաների նկատմամբ, որոնց շահերը, նրա համոզմամբ, կարող էր առաջ տանել Սիմոնյանը։
AVG Legal-ի կառավարող գործընկեր, փաստաբան Ալեքսեյ Գավրիշևը «Իզվեստիա»-ին պարզաբանել է, որ քրեաիրավական ստուգման հիմք կարող են դառնալ ապացույցները, ըստ որոնց՝ որոշումները գիտակցաբար կայացվել են որոշակի առևտրային կառույցների շահերից ելնելով։ Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել միջնորդական սխեմաների ստեղծմանը, վերահսկողական մեխանիզմների արգելափակմանը կամ վարձատրություն ստանալուն։
Իրավաբանը հավելել է, որ ԵՏՀ նախարարն օժտված է քրեական հետապնդումից անձեռնմխելիությամբ։ Հանցագործությանը հնարավոր առնչության ապացույցների առկայության դեպքում այն կարող է հանվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ։



