Թրյուդոյի կուսակցությունից խորհրդարանի ավելի...

Կանադայի խորհրդարանի Լիբերալ կուսակցության պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ցանկանում է, որ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն թողնի քաղաքական այդ ուժի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացրել է CBC հեռուստաալիքը։

Կուսակցության ներսում նրա ունեցած աղբյուրների տվյալներով՝ ավելի քան 50 լիբերալ պատգամավոր կողմնակից է այս դիրքորոշմանը՝ չնայած հրապարակայնորեն այդ մասին հայտնել է միայն 21 պատգամավոր։ Կանադայի խորհրդարանում լիբերալներն ունեն 153 տեղ։

Փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդը դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ Թրյուդոն որոշել է իրեն այլ աշխատանքի տեղափոխել։ Նույն օրը կառավարությունից հեռանալու մասին հայտարարել է նաեւ բնակշինարարության, ենթակառուցվածքի եւ համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը։ Դա վարչապետի հասցեին քննադատություն է առաջացրել ընդդիմության եւ հասարակական գործիչների շարքերում, որոնք պահանջել են նրա անհապաղ հրաժարականը, քանի որ նա չի կարող վերահսկել իր կառավարությունը։ Ավելին, մի քանի լիբերալ պատգամավորներ կողմ են արտահայտվել, որ Թրյուդոն հեռանա Կանադայի Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից։ Նույն օրվա երեկոյան քաղաքական գործիչը հայտնել է, որ չի պատրաստվում թողնել պաշտոնը։

Ինչպես դեկտեմբերի 21-ին հայտնել է СВС-ն, կառավարող Լիբերալ կուսակցության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Թրյուդոյի հրաժարականի դեպքում կառավարությունը կարող է գլխավորել Ֆրիլանդը։