
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատրաստ կլինի «միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև»:
Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ երեք տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, կամ էլ փորձել միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։
Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփն ասել է՝ հույս ունի, որ կարող է ընտրել երրորդ տարբերակը: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ֆինանսական խիստ պատժամիջոցների կամ այլ միջոցներ կիրառելու տարբերակն ընտրի։
Թուրքիայի ներխուժմանը, հիշեցնենք, նախորդել է ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից։