
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սմիթսոնյան ինստիտուտին՝ աշխարհի ամենամեծ թանգարանների եւ հետազոտական կենտրոնների համալիրին, իր ծրագրերից եւ ցուցահանդեսներից հեռացնել այն ամենը, ինչը պարունակում է «անպատշաճ գաղափարախոսության» հղումներ։ Այս մասին նշվել է մարտի 27-ին պետության ղեկավարի ստորագրած հրամանագրում։
«Սմիթսոնյան ինստիտուտը, որը ժամանակին լայնորեն հարգված էր որպես ամերիկյան գերազանցության եւ համաշխարհային մշակութային նվաճումների խորհրդանիշ, վերջին տարիներին անկում է գրանցել ռասայի վրա կենտրոնացած պառակտող գաղափարախոսության ազդեցության տակ: Այդ փոփոխությունը խթանում է գաղափարական մոտեցումները, որոնք ներկայացնում են ամերիկյան եւ արեւմտյան արժեքները որպես ի սկզբանե կոռումպացված եւ ճնշող»,- նշվել է փաստաթղթում։
Օրինակ՝ «Իշխանության ձեւերը. ռասայի եւ քանդակների պատմություններն ամերիկյան արվեստում» ցուցահանդեսը, որը տեղի է ունենում ինստիտուտի թանգարաններից մեկում։ Ցուցահանդեսի թեման, նշվել է հրամանագրում, այն գաղափարն է, որ «համայնքները, ներառյալ Միացյալ Նահանգներում, օգտագործել են ռասայի հայեցակարգը իշխանության, արտոնությունների եւ ձայնի իրավունքի սահմանափակման համակարգեր ստեղծելու եւ պահպանելու համար»:
Հրամանագրի համաձայն՝ ինստիտուտին արգելվելու է պետական միջոցները ծախսել ցուցանմուշների կամ ծրագրերի վրա, որոնք «արժեզրկում են ամերիկյան ընդհանուր արժեքները, բաժանում են ամերիկացիներին ըստ ռասայական գծերի կամ խթանում են դաշնային օրենքներին եւ քաղաքականությանն անհամապատասխան ծրագրեր կամ գաղափարախոսություններ»: Առանձին նշվել է, որ Սմիթսոնյան թանգարանի պետական ֆինանսավորումը ամերիկյան կանանց պատմության վերաբերյալ պետք է օգտագործվի «կանանց ձեռքբերումները նշելու եւ տղամարդկանց որպես կին չճանաչելու համար»:
Թրամփի հրամանագիրը հետեւում է նրա վարչակազմի ընդհանուր քաղաքականությանը՝ պայքարելու այն ամենի դեմ, ինչը նրա պաշտոնյաներն անվանում են «արմատական ձախ գաղափարախոսություն»: Մասնավորապես, Սպիտակ տունը վերացնում է այսպես կոչված բազմազանության, հավասարության եւ ներառականության (DEI) քաղաքականությունը կառավարական ապարատի ներսում, բայց նաեւ ակտիվորեն կոչ է անում կրթական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին հրաժարվել դրանցից: