ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից։
- Խոսեցիք ֆորմատից։ 30 տարի տևում է այս հակամարտությունը, և բնական է, երիտասարդ սերնդի մասին էլ խոսեցիք, նրանց համար դժվար է կողմնորոշվել, որովհետև ինտերնետի այս դարում, ով ավելի բարձր գոռաց, առաջինն է տեղ հասնում։ Դուք շատ լավ գիտեք, որ այս շրջանում, երբ բացակայում էիք ակտիվ քաղաքականությունից, ինչ առասպելներ են ստեղծվել՝ Ձեզ հետ կապված։ Ես ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը շատ տարածված մի թեզ է, Դուք էլ շատ լավ տեղյակ եք, այն մասին, որ Դուք, Հայաստանում գալով իշխանության, Ղարաբաղը հանել եք բանակցություններից։ Նույնիսկ վերջերս ինձ հետ պատահել է, որ մի ազդեցիկ քաղաքական գործիչ ասել է․ «Դե հա, Ռոբերտ Քոչարյանը շատ արժանիքներ ունի, բայց սխալներ էլ ունի․ նրա պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից»։ Ես փորձեցի ասել, որ դա այդքան էլ այդպես չէ, բայց ինքը չհամոզվեց։ Այսինքն, շատերի մոտ այդ նստվածքը կա։ Կբացահատե՞ք, ինչ պրոցես էր դա, որովհետև մինչև հիմա էլ դա կա։ Հիշեցնեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները առաջին բանը, որ ասեցին Ղարաբաղի հարցում, դա էր։ Այսօրվա վարչապետն ասում էր, թե ինչպես է ինքը համոզելու միջնորդներին, որ Ղարաբաղը նստի բանակցային սեղանի շուրջ։ Շատ պարզ ասելու էր, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղից էին և կարող էին ներկայացնել Ղարաբաղը, իսկ ես չեմ կարող, դրա համար շատ բնական է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները կգան ու կնստեն բանակցությունների սեղանին։ Չգիտես ինչու, դա չանցավ, այդ տրամաբանությունը։
Ռոբերտ Քոչարյան – Շատ պարզունակ է այդ տրամաբանությունը։
- Դե, բնական է։ Հիմա ուզում եմ, որ Դուք մի փոքր բացեք՝ ո՞նց եղավ, ի՞նչ եղավ։
Ռոբերտ Քոչարյան - Խնդրի բարդությունը նման՝ չափից դուրս պարզունակ բացատրություն չի ընդունում։ Հիշեցնեմ ընդհանրապես բանակցային գործընթացի ֆորմատների մասին։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն սկսել են 1991 թվականից։ Դա մի ֆորմատ էր, որը շարունակվել է բոլոր նախագահների ժամանակ, և տարօրինակ կլիներ, եթե համանախագահողները չփորձեին միջազգային հարթակներն օգտագործել նման հանդիպումների համար։ Եթե կա որևէ բազմակողմ հանդիպում, և նախագահներն այնտեղ են, շատ բնական է, որ համանախագահները պետք է փորձեն հակամարտող կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ։ Հետևաբար, իմ հանդիպումները Ալիևի հետ նորություն չէին։ Մինչև ինձ Ալիևի հետ հանդիպում էր առաջին նախագահը՝ 1991 թ-ից, և ինձանից հետո այդ հանդիպումները Ալիև-որդու հետ շարունակել է արդեն երրորդ նախագահը։ Ե՞րբ Ղարաբաղը դուրս մնաց։ Լիսաբոնի գագաթաժողովից հետո։
- 1996 թվականից։
Ռոբերտ Քոչարյան – Այո։ Ըստ էության, 1997 թվականի ընթացքում ես չեմ հիշում որևէ հանդիպում՝ Ղարաբաղի մասնակցությամբ, և այդ ֆորմատը ուղղակի դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ոչ թե ես փոխարինեցի մեկին։ Ես շարունակել եմ այն հանդիպումները, որոնք մինչև ինձ ունեցել է առաջին նախագահը, և ինձանից հետո՝ երրորդ նախագահը։ Առանձին բանակցային գործընթաց շատ ակտիվ սկսվել էր 1995 թվականին, նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև։ 1995-1996 թթ․ -ին հանդիպել են, եթե չեմ սխալվում, 11 անգամ։ Եվ այն ժամանակ բոլոր հանդիպումներից հետո հանդիպումների մասին Արկադի Ղուկասյանին Ժիրայր Լիպարիտյանն էր պատմում, կամ, եթե ես Երևանում էի, ինձ հետ էր հանդիպում և պատմում՝ թե ինչ են բանակցել։ Այսինքն, կար առանձին ֆորմատ, և իրենք ընդունում էին, նաև Ժիրայր Լիպարիտյանն էր իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել, որ տեսնում են, որ գործընթացը փակուղու մեջ է, և մտածել են այդպիսի առանձին ֆորմատով միգուցե որոշակի լուծումներ գտնեն։ Ավարտվեց այդ գործընթացը լիսաբոնյան որոշումներով, որտեղ Հայաստանը ուղղակի մնաց մենակ։ Իմ տպավորությամբ, հայկական կողմից բանակցողները չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ընդհանրապես ճանաչվել՝ որպես անկախ պետություն։ Ես քանի անգամ քննարկել եմ այդ հարցը Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Շատ բարձր ինտելեկտի տեր մարդ է, անկասկած, բայց ես տեսնում էի, որ այդ մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակած նպատակներին։ Ուղղակի չէր հավատում։ Այսպես է ըստ էության վերացել ֆորմատը։ Հիմա ընդհանրապես ի՞նչ ֆորմատներ ունենք բանակցային գործընթացում։ Առաջինը․ Մինսկի խմբի աշխատանքն է՝ այցելություններ տարածաշրջան և հանդիպումներ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի նախագահների հետ։ Իմ ժամանակ գրեթե պարտադիր էր Ղարաբաղ գնալը և Ղարաբաղում՝ հենց նախագահի նստավայրում, հանդիպում էին նախագահի հետ։ Հիմա մի քիչ ավելի քիչ են գնում, բայց կարող է նաև Ղարաբաղի նախագահը գալ և հանդիպում ունենալ այստեղ։ Երկրորդ ֆորմատը դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են, որոնք եղել են 1991 թվականից և շարունակվում են մինչև այսօր, ուղղակի հիմա Հայաստանին ներկայացնում է վարչապետը։ Եվ երրորդ ֆորմատը մոնիտորինգի խմբի գործունեությունն է, որը ևս ակտիվ աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Ղարաբաղի իշխանությունների հետ։ Ըստ էության երեք ֆորմատից Ղարաբաղը չկա մեկում, և ասել որ Ղարաբաղն ընդհանրապես չկա բանակցային գործընթացում, ուղղակի սխալ է։ Պե՞տք է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին։ Այո՛, պետք է։ Կհամաձայնվի՞ Ադրբեջանը՞։ Չեմ կարծում, որ կհամաձայնվի։ Բայց, այո, ձգտելը միշտ պետք է։ Եվ երբեք պետք չէ Ադրբեջանին որևէ առիթ տալ, որևէ լուրջ փաստարկ տալ՝ Ղարաբաղի մասնակցության հարցում մերժումը հիմնավորելու համար։ Մեկ էլ որ դու ասում ես․ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ ասում ես, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին։ Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ ես դու Ադրբեջանին էական հնարավորություն տալիս ասել, որ նրանք վերջապես իրենք են հաստատում, որ դա նույն միավորն է, և ինչու պետք է նույն միավորի շրջանակում այս սեղանի շուրջ բանակցենք երկու հոգու հետ։ Գիտե՞ք, այս իշխանությունը ոչ միայն չգիտի, ինչ անել, այլ նաև չգիտի՝ ինչ չի կարելի անել, և սա մեծ պրոբլեմ է։ Դուք ինչ էլ սարք գնեք խանութից, առաջին հերթին վրան գրված կլինի, թե ինչ չի կարելի անել այդ սարքի հետ։ Դեղորայքը երբ որ գնում եք, դրա ինստրուկցիա մեջ գրված է լինելու, որ պարագայում չի կարելի այն խմել, ինչի է հասցվելու վնասը։ Եվ Ղարաբաղի հարցում առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չի կարելի անել, այդ տաբուները այս հարցում ուղղակի պետք է լինեն, ինչից հետո ժամանակ է պահանջվում խորանալ, հասկանալ, մշակել մի ծրագիր, թե ինչ պետք է անել։ Այսօր չգիտեն՝ ինչ չի կարելի անել։ Հիմա սա է։ Ըստ էության, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չի եկել։ Ես 1998 թվականից եմ նախագահ, և Ղարաբաղը այն ֆորմատով չի եղել, այն ֆորմատը առանց Ղարաբաղի չի վերականգնվել, որովհետև եթե այն ֆորմատը վերականգնվի, ապա, պարզ է, որ Ղարաբաղը ևս լինելու է այն ֆորմատի մեջ։
Տեսանյութն ամբողջությամբ