Հունգարիան չի մասնակցի Ուկրաինայի համար ամերի...

Բուդապեշտը լիովին աջակցում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին ուկրաինական հակամարտության հարցում և մտադիր չէ մասնակցել Կիևի համար զենքի գնումների ֆինանսավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։

«ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպական անդամներ ցանկանում են ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային, ուստի նրանք կրկին կոչ են անում բոլորին փող հատկացնել ՆԱՏՕ-ի մեխանիզմի շրջանակներում: Սակայն քանի դեռ Հունգարիայում գործում է մեր ազգային կառավարությունը, հունգարների փողը չի ուղարկվի Ուկրաինա», - ասել է նախարարը։

Այսպես է նա մեկնաբանել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումները PURL (Prioritized Ukraine Requirements List) ծրագրի շրջանակներում։

Նրա խոսքով, բազմաթիվ եվրոպական երկրներ «թույլ չեն տա Կիևին համաձայնել խաղաղության», ինչը կհանգեցնի նոր զոհերի, քանի որ «նրանք պատերազմ են ցանկանում ռուսների հետ»։ «Մեր կարծիքով՝ սա անթույլատրելի է։ Մենք չենք ցանկանում, որ Եվրոպան պատերազմական վիճակում լինի Ռուսաստանի հետ», - ընդգծել է Սիյարտոն։

Նա նշել է, որ Հունգարիան «անում է այն ամենը, ինչ կարող է, որպեսզի ապահովի Թրամփի խաղաղության ջանքերի հաջողությունը»։