Թեհրանը սկսում է ակտիվանալ․ Երեւանը պետք է հա...

Նախօրեին, ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցման, հայտնի դարձավ, որ Իրանում առաջիկայում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում՝ Հայաստան-Իրան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատով։ Պ

ատճառը առավել քան հետաքրքրական է՝ Արաքս գետի բնապահպանական խնդիրները։ Սակայն հասկանալի է, որ ներկայիս ռեգիոնալ քաղաքական իրավիճակում Իրանը փորձում է պահպանել որոշակի հավասարակշռություն, նաեւ անել հնարավոր ամեն ինչ՝ Հարավային Կովկասի ապագա ճարտարապետության մեջ լուսանցքում չհայտնվելու համար, հատկապես, որ կարծես թե Իրանի «օդերը բացվում են» եւ Արեւմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն այնքան էլ վատ չեն։ Հասկանալի է, որ Իրանին պետք է, որ Հայաստանը ներգրավվի իր պատրոնաժի ներքո գտնվող մի ֆորմատում, որտեղ կկարողանա վերականգնել դիրքերը, որոնք ընդհանրապես սասանվել են Հայաստանում Ղարաբաղյան վերջին պատերազմում՝ իր որդեգրած ընդգծված ադրբեջանամետ կեցվածքի պատճառով։

Բացի այդ, Թեհրանի համար արդեն անհանգստացնող է այն, որ Հայաստանը որոշել է թմրամիջոցների դեմ պայքարում համագործակցել ԱՄՆ որոշակի կառույցների հետ, իսկ դա ենթադրում է նաեւ իր վրա հսկող «աչքերի ավելացում» առնվազն՝ հայ-իրանական սահմանի մասով։ Բացի այդ, Թեհրանում նաեւ հասկանում են, որ Հայաստանն հիմա ըստ էության դանդաղորեն դրեյֆում է դեպի Արեւմտյան ուղեծիր, իսկ դա, անկախ այն հանգամանքից, թե ամերիկյան ներկա վարչակազմի հետ իրանական գործերի վիճակը որքանով են լավ կամ վատ, ձեռնտու չէ Իրանին, քանի որ երբեք չես կարող բացառել, որ ապագայում հերթական վարչակազմը կարող է վերադառնալ առնվազն «Թրամփյան ճնշումներին»։

Այս ամենը հասկանում են, երեւի թե նաեւ Երեւանում։ Ուստիեւ Երեւանի անելիքը լինելու է «գին բարձրացնելը»՝ սեփական արժեքի գիտակցմամբ։ Երեւանը պետք է հասկացնի Իրանին, որ Թեհրանի կողմից Բաքվին ամենշաբաթյան ռեժիմով հաղթանակ շնորհավորելն առնվազն հաճելի չէ Հայաստանի համար ու եթե Թեհրանն իր շահերով է առաջնորդվում, ապա Երեւանն էլ ունի իրավունք օրինակ իր շահերով առաջնորդվելու եւ միջազգային թմրաշրջանառության իրանական ճանապարհի իր տեղամասում նաեւ ներգրավելու ամերիկյան գործընկերներին։