Կապահովվի պետական ներդրումների կառավարման համ...

Կառավարության որոշմամբ նախատեսվում է հստակեցնել հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) գործընթացի կիրառման սահմանները և առանձնահատկությունները: Մասնավորապես, հստակ սահմանվել են կապիտալ ծախսերի այն տեսակները, որոնք որոնց վրա կարգը չի տարածվելու: Բացի այդ, նախատեսվում է հանրային ներդրումային ծրագրերը բաժանել 3 խմբերի՝ ըստ նախատեսվող ֆինանսավորման չափի՝ դասակարգելով դրանք փոքր, միջին և խոշոր ներդրումային ծրագրերի խմբերում: Փոքր ծրագրերի համար ՀՆԿ գործընթացի փուլերը չեն գործելու (վերջիններս ֆինանսավորվելու են ընդհանուր բյուջետային գործընթացով), իսկ միջին և խոշոր ծրագրերի համար անհրաժեշտ է լինելու տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում:

Խոշոր ծրագրերի դեպքում, կախված դրանց բնույթից կարող է պատրաստվել նաև նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում: Այս փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել սահուն և պարզեցված գործընթաց փոքր, ինչպես նաև պարբերաբար իրականացվող, ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինման ուղղված ծրագրերի համար, իսկ միջին և խոշոր չափի ծրագրերի համար ապահովել որոշումների կայացման համար անհրաժեշտ հիմքերի որակյալ պատրաստումը: ՀՆԿ գործընթացում ծրագրերի պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով նախատեսվում է ներդնել ծրագրերի հասունության ձևաթուղթը և ծրագրի իրականացման պլանը: Այս փաստաթղթերը կնպաստեն բյուջետավորման գործընթացին ծրագրերի պատրաստ լինելուն և թույլ կտան էականորեն նվազեցնել առաջնահերթությունների ցանկում իրականացման փուլին անպատրաստ ծրագրերի ներառման և դրանց ֆինանսավորման հավանականությունը:

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կապահովի Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը՝ նպաստելով էական արդյունք ապահովող ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանրային ռեսուրսների արդյունավետ բաշխմանը և հանրային բարիքների ստեղծման ավելացմանը: Փոփոխությունների նախագիծը միտված է ապահովելու հանրային ներդրումային ծրագրերի՝ միջազգային փորձին համահունչ գնահատման մեթոդաբանության, ծրագրերի վերհանման, ընտրության և այլ կարևոր փուլերը կարգավորող արդյունավետ ընթացակարգեր: