Արագածոտնի թեմում տիրում է եղբայրական, սիրո մ...

Արագածոտնի թեմում տիրում է եղբայրական, սիրո մթնոլորտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Փառենը։

«Ե՛վ ժողովուրդը, և՛ մենք՝ հոգևորականները, եղբայրական սիրո վրա հիմնված, շարունակում ենք մենք մեր հոգևոր ծառայությունը և սպասում ենք, որ այդ հոգևոր ծառայությանը կմիանան մեր հոգևոր հայրերը և եղբայրները, ովքեր այսօր անազատության մեջ են։ Մենք միշտ ասում ենք` բոլորն էլ մեր հավատացյալներն են, մեր զավակները՝ եղբայրներն ու քույրերն են ի Քրիստոս։ Մենք չենք ատում ոչ մեկին, որովհետև եկեղեցին ոչ թե ատում, մերժում է մեղավորին, այլ ատում և մերժում է մեղքը։ Մենք խնդրում ենք այն մարդկանց, ովքեր այս ընթացքում փոթորկվել են և փնտրտուքի մեջ են ու չգիտեն՝ պատարագի գնան, թե չգնան, ասում ենք, որ եկեղեցու դռները բաց են ձեզ համար, ամեն տեղ պատարագներ մատուցվում են, գնացեք պատարագների և աղոթեք ամբողջ ազգի համար, ամբողջ աշխարհի համար»,– ասաց հոգեւորականը։