Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարիա Ռուոտանենի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության առաջմղման, ներառական կրթության զարգացման, երիտասարդների ակտիվ մասնակցության խթանման առաջնահերթությունը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց առանցքում է մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության համակարգային ներդրումը բոլոր կրթական աստիճաններում։ Նա անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ այլ նախաձեռնություններին՝ ներառյալ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը, նոր ուսումնական ծրագրերի ներդրումը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման և թվային կրթության զարգացմանն ուղղված միջոցառումները։
Հանդիպմանն անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթությանը. նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել հավասար կրթական հնարավորությունների ապահովումը բոլոր երեխաների և երիտասարդների համար:
Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակը ԵԽ-ի հետ՝ համատեղ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմամբ։
Երկուստեք շեշտվել է երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման և հասարակության մեջ հանդուրժողականության, բազմազանության ու խաղաղ համակեցության արժեքների ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մարիա Ռուոտանենին աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը։



