Թեհրանում առաջարկել են Եմենում տիրող իրավիճակ...

Եմենում տիրող բարդ իրավիճակը պետք է կարգավորել Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող հակամարտությունից առանձին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Tasnim-ը։

«Եմենի խնդիրը կապված է հենց Եմենի հետ։ Ինչպես արդեն ասել ենք, Եմենի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Որևէ թեմա Իրանի դեմ պատերազմի հետ կապելը նշանակում է խուսափել պատասխանատվությունից», — ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում ներկայիս հակամարտությունը ստեղծել են ԱՄՆ-ն, և տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրեն Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները։

Բաղայիի խոսքով՝ Չինաստանին մտահոգում է տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը, իսկ Պեկինը ջանքեր է գործադրում իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար։ Միևնույն ժամանակ, Բաղային հստակեցրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներում նոր միջնորդներ չկան։ Նա հիշատակել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի մասին։

Թեհրանն այս օրերին այլ երկրներից որևէ պատվիրակություն ընդունելու կամ դիվանագիտական ջանքերը շարունակելու համար արտերկիր սեփական պատվիրակություններն ուղարկելու ծրագրեր չունի, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հուլիսին Իրանի կողմից աջակցություն ստացող հութիներն ու Սաուդյան Արաբիան վերսկսել են փոխադարձ հարվածները։ Հութիները ծովային շրջափակում են հայտարարել սաուդյան նավերի նկատմամբ և հարձակվել Կարմիր ծովում սաուդյան տանկերների վրա, իսկ ավելի ուշ հայտարարել են թագավորության տարածքում Saudi Aramco ընկերության օբյեկտներին հասցված հարվածների մասին։ Հութիներին ռազմական ակտիվությունը դադարեցնելու հարցում Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի փորձերն ապարդյուն են։