Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրե...

Սյունիքի մարզի դատախազը Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշում է կայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա` Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում կատարված աշխատանքների և դիպլոմներ տրամադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) մեղադրանք էր առաջադրվել նշված ՊՈԱԿ-ի տնօրենին:

Նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ Անժելա Մաքյանն ուսհաստատության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարում. մի քանի ուսանողների՝ քոլեջում ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշագրումներ կատարելու փոխարեն, նրանց ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Քննական շրջանն ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ այդ ուսանողներին տրամադրել են դիպլոմներ: