ՌԴ աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ: