Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացնել լրացուցիչ 500 մլն դրամ։ Ինչպես տեղեկացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրին դիմողների ակտիվությամբ։
«Ծրագրի դիմելիությունը բավական ակտիվ է»,- ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ ծրագրի համար այս տարի նախատեսված շուրջ 2,4 մլրդ դրամին անհրաժեշտ է ավելացնել ևս 500 մլն դրամ՝ մինչև տարեվերջ սպասվող դիմումների ֆինանսավորումն ապահովելու համար։
Նախագծի հիմնավորմամբ՝ լրացուցիչ միջոցները նախատեսվում են շուրջ 626 շահառուի աջակցության համար։ Դրանք կուղղվեն մարզում հիփոթեքի աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչներին։
Նախարարը տեղեկացրեց, որ 2020 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր արձանագրվել է ավելի քան 17 հազար աջակցություն՝ 13 միլիարդ դրամից ավելի ընդհանուր ծավալով։ Նա պարզաբանեց, որ այդ աջակցությունների մեջ կան նաև կրկնվող շահառուներ․ ընտանիքը կարող է աջակցություն ստանալ նաև հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։
Թորոսյանի գնահատմամբ՝ նման դեպքերը վկայում են, որ ծրագիրն ազդեցություն ունի ընտանիքների՝ երեխա ունենալու որոշման վրա։



