Սիրիայում ԻՊ ահաբեկիչների գրոհի հետևանքով 10...

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամները զինված հարձակում են գործել Սիրիայի հյուսիս-արևելքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ զինյալները Ռաքքայի նահանգում գրավել են Մաադան Աթիկ ավանը։ Փոխհրաձգության ընթացքում սպանվել են 10 սիրիացի զինվորներ, որոնք գտնվում էին բլոկ-պոստերում, ևս 6-ը վիրավորվել է։

Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը բանակային օգնական ուժեր է ուղարկել և ազատագրել ավանը։ Ահաբեկիչները նահանջելուց առաջ հրկիզել են մի քանի տուն և պայթեցրել զավթած ռազմական տեխնիկան։

Հուլիսի 24-ին ԻՊ-ի հրոսակախումբը հարձակվել էր բանակային բեռնատարի վրա Տուվեյնան գազահորի շրջանում, որը գտնվում է Սալամիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 213 կմ հեռավորության վրա): Դրա հետևանքով զոհվել էր 8 զինվոր։

Ըստ Al Hadath-ի տեղեկատվության՝ 2023 թվականի հունվարից ի վեր Ռաքքայի և Համայի նահանգներում ահաբեկիչների ձեռքով սպանվել են 57 զինծառայող և 49 խաղաղ բնակիչ։ Նշվում է, որ հատուկ նշանակության զորքերը տեղի ցեղախմբերի աշխարհազորայինների աջակցությամբ այժմ հակաահաբեկչական գործողություն են իրականացնում Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ-ի հրոսակախմբերը։ Ցամաքային ուժերին օդից օգնում են ուղղաթիռները: