Եվրոպական միության խորհուրդը հոկտեմբերի 12-ին պատժամիջոցային ցուցակներում ներառել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 826 ռուսական ընկերություն և 743 ֆիզիկական անձի։ Սահմանափակումներն ընդհանուր առմամբ վերաբերել են 1569 սուբյեկտի։ ԵՄ խորհրդում սա անվանել են պատժամիջոցների ցուցակների ամենախոշոր միանվագ ընդլայնումը՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր։ Համապատասխան իրավական ակտերը հրապարակվել են Եվրոպական միության Պաշտոնական տեղեկագրում։
Սահմանափակումների տակ են հայտնվել այն ձեռնարկությունները, որոնք համալրող մասեր են մատակարարում ռուսական հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ավիացիոն տեխնիկայի համար։
Եվրոպական միությանը ուշադրության կենտրոնում հայտնված ապրանքների ցանկում են էլեկտրոնային բաղադրիչները, կիսահաղորդիչները, միկրոսխեմաները, համակարգիչները, կապի միջոցները, ռադարները, անտենաները, հաղորդիչները, նավիգացիոն և օպտիկական համակարգերը։
Պատժամիջոցային ցուցակներում ներառվել են նաև ընկերությունների ղեկավարներ։ ԵՄ խորհրդի պարզաբանման համաձայն՝ նոր սահմանափակումներն ուղղված են նաև միջին օղակի մատակարարների դեմ, որոնք ապահովում են ռուսական ռազմական արտադրության առանցքային կարիքները։
Նախնական տվյալներով՝ նոր ցուցակի մոտ 20–30 ձեռնարկություն կապված է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության հետ, ևս 10–15-ը՝ ԳԲՀ-էլեկտրոնիկայի (գերբարձր հաճախականության) և ռադիոհաճախականային բաղադրիչների հետ։ Մոտ 140 կազմակերպություն պատկանում է ռադիոէլեկտրոնային ոլորտին, ներառյալ էլեկտրոնային ապարատուրայի, ռադիոտեխնիկական համակարգերի և սարքերի արտադրությունը։ Ոլորտային այս բաշխումը պետք է դիտարկել որպես առանձին գնահատական․ ԵՄ խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ նման քանակական տվյալներ չկան։
Պատժամիջոցային ցուցակներում ներառումը նախատեսում է ակտիվների սառեցում։ Ֆիզիկական անձանց արգելվում է նաև մուտքը Եվրոպական միություն և տարանցումը նրա տարածքով։ Բացի այդ, արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն դրամական միջոցներ և տնտեսական ռեսուրսներ տրամադրել ցուցակներում ներառված անձանց և կազմակերպություններին։



