Օրերս Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, Telegram-ի ընդամենը 40 բաժանորդ ունեցող կեղծ ալիքում իր մասին արված հրապարակումները պատրվակ դարձնելով, թիրախավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, և երկար տարիներ Մոսկվայում բնակվող ու դասավանդող Վիկտոր Սողոմոնյանին։
Շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչու է Մինասյանն այդքան անհանգստացել գրեթե լսարան չունեցող ալիքի հրապարակումներից, և ի՞նչ կապ ունեն դրանց հետ Քոչարյանն ու Սողոմոնյանը։
Քոչարյանի թիմը Միքայել Մինասյանի մասին իր ասելիքը միշտ էլ կարողացել է հնչեցնել բացահայտ։ Զավեշտալի կլիներ ենթադրել, թե հրապարակային քննադատություն հնչեցնող մարդիկ հանկարծ որոշել են նույնն անել 40 բաժանորդ ունեցող անանուն ալիքով։
Սակայն խնդիրը շատ ավելի խորն է։
Միքայել Մինասյանն այսօր ինքնուրույն քաղաքական ազդեցություն գրեթե չունի։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա հիմնականում կատարել է աներոջ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական արբանյակի դերը։ Հետևաբար տրամաբանական է հարցնել՝ ի՞նչն է անհանգստացնում Սարգսյանին, որ Մինասյանի միջոցով թիրախավորվում են հենց այս երկու գործիչները։
Լևոն Քոչարյանը խանգարում է քաղաքական դաշտի անապատացմանը։ Նա երիտասարդ, կենսունակ գործիչ է, երիտասարդության շրջանում ունի նկատելի աջակցություն և հետևողական աշխատանքի դեպքում կարող է քաղաքական լուրջ դերակատարություն ստանձնել։
Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարության տրամաբանությունը, մինչդեռ, ենթադրում է մրցունակ գործիչների լուսանցք մղում և սեփական քաղաքական նախագծերի համար դաշտի ազատում։ Հենց նման քաղաքական անապատացման պայմաններում ժամանակին հնարավոր դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
Այս տեսանկյունից Լևոն Քոչարյանի քաղաքական աճը կարող է խանգարել Սարգսյանի հաշվարկներին, ինչն էլ բացատրում է նրա նկատմամբ հարձակումների հնարավոր շարժառիթը։
Վիկտոր Սողոմոնյանն այլ պատճառով է անհանգստացնում Սարգսյանին։ Ռուսական քաղաքական էլիտայի և փորձագիտական շրջանակներում Սողոմոնյանի կապերն ու ազդեցությունը կարող են խոչընդոտել այդ շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ միակողմանի պատկերացումներ ներկայացնելու փորձերին։
Սողոմոնյանը դարձել է գործոն, որի հետ Սարգսյանը ստիպված է հաշվի նստել։ Իսկ երբ հնարավոր չէ վերահսկել կամ չեզոքացնել ազդեցիկ գործչին, գործի է դրվում նրան վարկաբեկելու մարտավարությունը։ Հենց այս տրամաբանության մեջ են տեղավորվում Միքայել Մինասյանի հարձակումները։
Այսպիսով, Telegram-ի 40 բաժանորդ ունեցող ալիքը պարզապես պատրվակ է։ Իրական պատճառը Սերժ Սարգսյանի անհանգստությունն է երկու գործիչների քաղաքական դերակատարությունից։
Լևոն Քոչարյանը խանգարում է քաղաքական դաշտի ամայացմանը, իսկ Վիկտոր Սողոմոնյանը՝ արտաքին ազդեցիկ շրջանակներում Սարգսյանի համար ցանկալի քաղաքական պատկերացումների ձևավորմանը։
Այս մեկնաբանությամբ՝ Միքայել Մինասյանի հարձակումները ոչ թե նրա քաղաքական ուժի, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական անհանգստության դրսևորումն են։



