Շրջակա միջավայրի նախարարի պարզաբանումները՝ Սև...

ԱԺ-ում ընթանում է կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին պատգամավորները հարցեր ուղղեցին Սևանա լճի որոշ ափերի կանաչելու վերաբերյալ։

Նախարարը նշեց՝ գործոնները մի քանիսն են.«Կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Սև ծովում, Բայկալ լճում և այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Մեկը՝ Գեղարքունիքի կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում»,։

Ըստ Գրիգորյանի, սակայն, հիմնական պատճառն այն է, որ Սևանում առկա սառը շերտը՝ հիպոլինիումը, սահմանված մակարդակից նվազել է.

«Այդ մակարդակի բարձրացումը` վեց մետր, ըստ էության պետք է սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը սահմանափակվի, և դրա հետևանքով ջուրը մնա բարձր որակի»:

Նախարարը տեղեկացրեց՝ նախադրյալներ են ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանի լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար. «Նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ կատարվեն, հստակ ախտորոշումը կարվի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»։