Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից անկախություն ստանալու դեպքում երկիրը պատրաստ է դառնալու Եվրամիության անդամ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է հունիսի 28-ին POLITICO եվրոպական պարբերականում հրապարակված հարցազրույցում։
«Շոտլանդիայի բնակիչների 62%-ը 2016 թվականին քվեարկել է Եվրամիությունում մնալու օգտին, - հիշեցնում է Յուսաֆը: - Եթե 2014 թվականին (խմբ.՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ընթացքում) նրանք իմանային, թե ինչ է լինելու 2016 թվականին, ես կասկած չունեմ, որ քաղաքացիները կքվեարկեին, որպեսզի Շոտլանդիան դառնա անկախ երկիր»:
Նախարարի խոսքով՝ այժմ Էդինբուրգի անկախությունն է՛լ ավելի էական առաջնահերթություն է դարձել երկրի համար։ Որպես ԵՄ նախկին անդամ՝ Շոտլանդիան ունի եվրոպական իրավական գործելակերպերին հետևելու բազմամյա փորձ, ինչն, ըստ Յուսաֆի, երկրին զգալի առավելություն է ընձեռում եվրոպական դաշինքին միանալու հարցում՝ մյուս թեկնածուների, օրինակ՝ բալկանյան երկրների համեմատությամբ: